Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը պահանջում է միջազգային համագործակցություն, եւ երկրները պետք է ձեռնպահ մնան «վակցինային նացիոնալիզմից»՝ պատվաստանյութը միայն իրենց համար պահելու ձգտումից։ Այսպիսի կարծիք է արտահայտել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՌԲԿ սյունակում։

 «ԵՄ-ը ողջունում է Արժույթի միջազգային հիմնադրամի առաջարկած պլանը 50 մլրդ դոլար բյուջեով, որը ենթադրում է մոլորակի բնակչության 40 տոկոսի պատվաստում 2021թ. եւ 60 տոկոսի պատվաստում՝ մինչեւ 2022թ. կես։ Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ են սերտ, համակարգված, բազմակողմ ջանքեր։ Հարկ է ձեռնպահ մնալ «վակցինային դիվանագիտությունից, այսինքն՝ պատվաստանյութերի մատակարարումներից քաղաքական նպատակներ իրականացնելու համար, ինչպես նաեւ «վակցինային նացիոնալիզմից» կամ պատվաստանյութը միայն իրենց համար պահելուց»,- նշել է Բորելը՝ ավելացնելով, որ ԵՄ-ը համավարակի սկզբից եւեթ  «մերժել է այս երկու ճանապարհները»։

Նրա խոսքով՝ պետք է վերացնել տնտեսապես զարգացած եւ զարգացող երկրների միջեւ պատվաստման խզումը՝ «խուսափելու համար այն բանից, ինչը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսն անվանել է «վակցինային սեգրեգացիա»։ Բացի այդ, կարծում է ԵՄ ներկայացուցիչը, դա կարող է վերացնել ձեռք բերված առաջընթացը աղքատության դեմ պայքարում»։

Կորոնավիրուսի համավարակի տարածումից ի վեր աշխարհում վարակվել է մոտ 173 մլն մարդ, ավելի քան 3,7 մլն մարդ մահացել է։ Ռուսաստանում, կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներով, գրանցվել է 5 126 437 վարակման դեպք, ապաքինվել է 4 736 446 մարդ, մահացել 123 787-ը։