Ջո Բայդենի վարչակազմը երկուշաբթի կհայտարարի մարդկանց վաճառքի եւ միգրանտների ապօրինի տեղափոխման դեմ պայքարի նոր միջոցներ ընդունելու մասին, ինչը ժամանակի իմաստով համընկնում է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի Գվատեմալա եւ Մեքսիկա կատարելիք այցի (հունիսի 7-8) հետ։ Սա նրա առաջին արտասահմանյան շրջագայությունն է ներկայիս պաշտոնում։ Այս մասին, հղում կատարելով ամերիկյան վարչակազմում անունը չնշած բաձրաստիճան ներկայացուցչի խոսքերին, տեղեկացրել է The Hill թերթը։
«Ի հավելումն բազմաթիվ հարցերի լուծման համակողմանի մոտեցմանը՝ կօգտագործվի նաեւ համալիր մոտեցում մեր գործընկերության կառուցման նկատմամբ,- պարբերականը մեջբերում է նշված ներկայացուցչի խոսքերը, որը շփվել է Հարիսին ուղեւորության ընթացքում ուղեկցող լրագրողների հետ։- (Այս ուղղությամբ) արդեն ընդունված ջանքերի թվում փոխնախագահը երկու շաբաթ առաջ հանդիպել է (գերատեսչությունների) ղեկավարների հետ եւ կոչ արել նրանց միջոցներ ձեռնարկել»,- տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նշված ներկայացուցչի խոսքով՝ Հարիսը տեսլական ունի, թե ինչպես պետք է լուծվի զանգվածային միգրացիայի խնդիրը, ներառյալ դրան ՄԱԿ հնարավորությունների եւ ռեսուրսների ներգրավումը։ Նա հավաստիացրել է, որ փոխնախագահի ուղեւորության ընթացքում չպետք է ակնկալել հավելյալ օգնության տրամադրման նոր պլանների հայտարարում։ «Մենք ցանկանում ենք կենտրոնանալ այն օգնության եւ աջակցության վրա, որն արդեն ցուցաբերում ենք»,- ասել է նա։
Վարչակազմի ներկայացուցիչը ավելացրել է, որ շրջագայության ընթացքում Հարիսը մտադիր է նաեւ քննարկել կոռուպցիայի խնդիրը երկրների կառավարություններում, որտեղից փախչում են միգրանտները, բայց չի ճշտել, թե ինչպես է փոխնախագահը ծրագրում անել դա։ Վարչակազմի ներկայացուցիչն ընդգծել է, որ Հարիսը «լավ հարաբերություններ» է հաստատել Գվատեմալայի եւ Մեքսիկայի նախագահների հետ, ուստի առաջիկա հանդիպումները չեն անցնի «կոշտ խոսակցության» ձեւաչափով։
Մարտին նախագահ Բայդենը Հարիսի վրա էր դրել երկրում միգրացիոն խնդիրների լուծման պարտավորությունները, որոնք, տեղի լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, դարձել են նոր վարչակազմի գլխավոր «գլխացավանքը»։ ԱՄՆ Մաքսային եւ սահմանապահ վերահսկողության ծառայության տվյալներով՝ ապրիլին Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանին կալանավորված անլեգալ միգրանտների թիվը կազմել է 178 622, ինչը մեկամսյա ռեկորդային բարձր ցուցանիշն է վերջին 20 տարում։ Սպիտակ տունը փորձում է այսքան աղետալի վիճակի պատասխանատվությունը դնել Դոնալդ Թրամփի նախկին վարչակազմի վրա, բայց դա չի փրկում նրան սուր քննադատությունից։ Հարիսը, ինչպես տեղեկացվում է, փորձելու է շրջագայության ընթացքում խնդրի լուծմանն ընդգրկել Կենտրոնական Ամերիկայի երկրների կառավարություններին։





























