Իտալական ոստիկանությունն առգրավել է անցյալ տարի Սարդինիայի լողափերից գողացված ավելի քան 90 կգ ավազ, քարեր ու խխունջներ՝ տուգանելով տասնյակ զբոսաշրջիկների, ովքեր դրանք վերցրել են որպես հուշանվերներ, հաղորդում է CNN-ը:
Ավազը, քարերն ու խխունջները հետ են վերադարձվել այն լողափեր, որտեղից դրանք տարվել են, ասվում է Իտալիայի ֆինանսական ոստիկանության հայտարարության մեջ:
Իտալական կղզու սպիտակ ավազը պահպանության տակ է, եւ զբոսաշրջիկներին սպառնում են հսկայական տուգանքներ եւ նույնիսկ բանտարկություն՝ տեղական լողափերից այն հավաքելու համար:
Ոստիկանությունը հայտնել է, որ 41 մարդ տուգանվել է ավազ գողանալու համար, տուգանքների չափը կազմում է 500-3000 եվրո:
Ոստիկանությունը պարբերաբար ստուգում է մեկնող ուղեւորներին Olbia Costa Smeralda օդանավակայանում, ինչպես նաեւ ավազ վաճառող էլեկտրոնային առեւտրի տարբեր կայքեր:
2017-ին ընդունվել է տարածաշրջանային օրենք, որն արգելում է Սարդինիայի լողափերից ավազ հավաքելը: Կանոնները ներդրվել են այն պատճառով, որ միջադեպերը դարձել են ավելի հաճախակի եւ խնդրահարույց:
Հատկապես խոցելի են «անհավանական» գունավոր, վարդագույն կամ շատ սպիտակ ավազով լողափերը:
2020-ի սեպտեմբերին ֆրանսիացի զբոսաշրջիկը Սարդինիայի տարածքից փախչելու փորձի համար տուգանվել է 1000 եվրոյով՝ ուղեբեռում ունենալով ավելի քան 2 կգ տեղական ավազ:





























