ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի դուստրերը մասնակցել են ԱՄՆ-ում Black Lives Matter շարժման կողմից կազմակերպված բողոքի ցույցերին: Այս մասին Օբաման ասել է CNN-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Օբաման, խոսելով բողոքի ցույցերին իր դուստրերի մասնակցության մասին, ասել է. «Ես միշտ անհանգստանում եմ նրանց ֆիզիկական անվտանգության համար, դա հայրության բնույթն է»: Նախկին նախագահի խոսքով՝ Սաշան եւ Մալիան «բարու եւ չարի նուրբ զգացողություն ունեն»: Օբաման վստահություն է հայտնել, որ իր դուստրերին եւ նրանց հասակակիցներից շատերին «հետաքրքիր է ոչ թե պարզապես աղմուկ բարձրացնել», այլ նաեւ «փոխել համակարգը»: Ներկայումս Սաշան եւ Մալիան ուսանողներ են:

Այս տարվա ապրիլին Մինեապոլիսի ատենակալների ժյուրին մեղադրական դատավճիռ էր կայացրել նախկին ոստիկան Դերեկ Շովինի գործով, ով Ֆլոյդի ձերբակալման ժամանակ խեղդող հնարք էր կիրառել: Շովինը մեղավոր էր ճանաչվել աֆրոամերիկացու սպանության համար: Ակնկալվում է, որ նախկին ոստիկանի դատավճիռը կհրապարակվի այս ամսվա վերջին: