Պակիստանն իր տարածքում ԱՄՆ-ին ռազմակայաններ չի տրամադրի Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման համատեքստում։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մեհմուդ Քուրեշին՝ մեկնաբանելով The New York Times թերթի տեղեկատվությունը Վաշինգտոնի եւ Իսլամաբադի միջեւ բանակցությունների մասին՝ Աֆղանստանում իրավիճակին հետեւելու եւ հակաահաբեկչական գործողություններ վարելու համար ամերիկյան հատուկ ծառայություններին «հենարան» տրամադրելու շուրջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Խոսք անգամ լինել չի կարող նրանց (ամերիկացիներին) ռազմակայան տրամադրելու մասին,- նախարարին մեջբերում է Geo TV հեռուստաալիքը։- Մենք պետք է հաշվի առնենք սեփական շահերը»։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2021թ. ապրիլի 14-ին հայտարարել էր մայիսին ամերիկյան զորքերը Աֆղանստանից դուրս բերելու պլանների եւ դա 2021թ. սեպտեմբերին ավարտելու մասին, չնայած նախկին վարչակազմը՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, 2020թ. փետրվարին Դոհայում ստորագրել էր հաշտության համաձայնագիր «Թալիբան» շարժման հետ, որի համաձայն՝ Վաշինգտոնը պարտավորվում էր դուրս բերել իր եւ դաշնակիցների զորքերը մինչեւ 2021թ. մայիսի 1-ը։ Ձեռք բերված պայմանավորվածություններից այս նահանջը առաջ է բերել թալիբների խիստ դժգոհությունը, որոնք փաստացի հայտարարել են, որ այդ դեպքում իրենք իրենց ազատ են համարում Դոհայի համաձայնագրով հանձն առած պարտավորություններից։ Հաշտության համաձայնագրի համապատասխան՝ թալիբները պարտավորվել էին «չհամագործակցել խմբերի կամ առանձին անձանց հետ, որոնք սպառնում են Միացյալ Նահանգների կամ նրա դաշնակիցների անվտանգությանը, ինչով էլ պայմանավորված էր ամերիկյան զորքերի դուրսբերումը։





























