Երեւանի թատրոնի եւ  կինոյի պետական ինստիտուտում հունիսի 26-ին «Չինարես... Կեռանալ մի» խորագրով գրական-պարային ներկայացմամբ վերաբացվել է բուհի ուսումնական թատրոնը։ Ներկայացումը բեմադրվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ, ուսանողների ուժերով եւ նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Չինարես... Կեռանալ մի» գրական-պարային ներկայացմամբ կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի սաներն արդեն հանդես են եկել հանրապետության մարզերում, Արցախում, առաջիկայում բուհի ուսանողները հյուրախաղերով հանդես կգան նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հայկական համայնքներում։

Ինչպես նշել է կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտորի օգնական Էմին Թորոսյանը, ուսանողական թատրոնի նպատակն ուսանողներին բեմադրելու, դերերով հանդես գալու հնարավորություն տալն է։ Թատրոնի ստեղծագործական խմբում ներգրավված են երիտասարդ արվեստագետներ, որոնք իրենց ձեռք բերած գիտելիքները դրսեւորելու եւ հանդիսատեսի առջեւ արժանավայել հանդես գալու կարիք ունեն: Այս նախագիծն օգնում է սկսնակ դերասաններին ավելի շատ բեմ դուրս գալ։ Բացի այդ, թատրոնն ուսանողներին հնարավորություն է տալիս որոշակի գումար վաստակել, ինչը կօգնի նաեւ նրանց վճարել ուսման վարձը։