Դոհայում մեկնարկել են Աֆղանստանի կառավարության ու «Թալիբանի» ներկայացուցիչների բանակցությունները։ Սա առաջին հանդիպումն է այն բանից հետո, երբ այս տարվա սկզբին բանակցությունները փակուղի էին մտել:
«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Սուհայլ Շահինը ասել է, որ երկու թիմերի ղեկավարները միասին հանդիպել են նախորդ օրը՝ Դոհայում: «Նրանք քննարկել են օրակարգի թեմաները, Աֆղանստանում բանակցային գործընթացի արագացումը եւ այդ հարցում փոխըմբռնման ձեռքբերումը»,- ասել է նա, հաղորդում է AP-ն:
Հանդիպումը առաջինն է մայիսի կեսերից ի վեր, եւ այն բանից հետո, երբ բանակցություններն արդեն դանդաղել էին ապրիլին, երբ Միացյալ Նահանգները հայտարարեց, որ դուրս կբերի իր ուժերը մինչեւ սեպտեմբերի 11-ը:
Թալիբները զայրույթով էին արձագանքել այդ հայտարարությանը, քանի որ դա նշանակում էր, որ օտարերկրյա ուժերը երկրում կմնան Թրամփի նախորդ վարչակազմի հետ համաձայնեցված վերջնաժամկետից հետո: Իսլամիստական խմբավորումը հայտարարել էր, որ բոյկոտում է Թուրքիայում անցկացվելիք խաղաղության մեծ համաժողովը:
Անցյալ սեպտեմբերին մասնակիցները բանակցություններ էին սկսել Դոհայում, որպեսզի գտնեն բազմամյա պատերազմը դադարեցնելու միջոցը: Բայց բանակցությունները մի քանի փուլից հետո փակուղի էին մտել:
Երկու թշնամական կողմերի միջեւ ընդհանուր լեզու գտնելը առաջնային գերակայություն է եղել արեւմտյան մայրաքաղաքների, հատկապես՝ Վաշինգտոնի համար:
Նախորդ շաբաթ Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հայտարարել էր, որ իր երկիրը պահանջում է քաղաքական կարգավորում Աֆղանստանում նախքան օտարերկրյա զորքերի դուրսբերումը՝ քաղաքացիական պատերազմի ռիսկը նվազեցնելու համար:





























