Արարատի մարզի Արտաշատ քաղաքում տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածուների ցուցակը գնալով նոսրանում է: Հունիսի 27-ի տվյալներով, ընտրություններին մասնակցելու է ընդամենը երկու թեկնածու` գործող քաղաքապետ Գագիկ Մուրադյանն ու Քաջիկ Գրիգորյանը (նա հայտնի է որպես կանանց գաղութի նախկին բանտապահակ` «կլյուչնիկ»): 

Ընտրություններում, ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, առաջադրվել էր վեց թեկնածու` գործող քաղաքապետից եւ Քաջիկ Գրիգորյանից բացի` Արտաշատի «ԴՈՍԱՖ»-ի պետ Հարություն Մնացականյանը, ԴԱՀԿ Արարատի մարզային բաժնի պետ, արդարադատության կապիտան Վարդան Մնացականյանը, Մեսրոպ Պետրոսյանը, ձեռներեց Թադեւս Թադեւոսյանը: Նրանցից միայն չորսն էին գրանցվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Այժմ, փաստորեն, քաղաքապետի պաշտոնի համար պայքարը ծավալվելու է երկուսի միջեւ` գրանցված մյուս երկու թեկնածուները ինքնաբացարկ են հայտնել:

Խոսակցություններ կան, թե գուցե մինչեւ ընտրությունների օրն իր թեկնածությունը կհանի նաեւ Քաջիկ Գրիգորյանը, քաղաքապետ Մուրադյանին մենակ թողնելով ընտրապայքարում, ինչպես դա տեղի ունեցավ նախորդ ընտրությունների ժամանակ:

Ի դեպ, Գրիգորյանը նախորդ ընտություններում նույնպես առաջադրել էր իր թեկնածությունը, սակայն վերջին պահին որոշեց չմասնակցել ընտրություններին:

Նշենք, որ քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու 2011 թվականի հուլիսի 3-ին: Այդ օրը համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի կունենան նաեւ Արարատի մարզի մեկ այլ քաղաքում` Արարատում: Քաղաքապետի համար պայքարում են քաղաքի նախկին եւ ներկա քաղաքապետերը` Հակոբ Թովմասյանն ու Աբրահամ Բաբայանը: