Առնվազն 12 մարդ զոհվել է հինգշաբթի Մյանմայի Մանդալայ քաղաքում ռազմական օդանավի կործանման պատճառով։ Այս մասին, հղում կատարելով քաղաքի հրշեջ ծառայությանը, տեղեկացրել է Reuters գործակալությունը։

Օդանավի տեսակի մասին տեղեկություն առայժմ չի հաղորդվում։

«Սինհուա» գործակալությունը, հղում կատարելով զինվորականներին, նշում է, որ ինքնաթիռում 14 մարդ է եղել, իսկ աղետը տեղի է ունեցել վատ եղանակային պայմանների պատճառով։ Հիմա արտակարգ իրավիճակի վայրում կատարվում է փրկարար գործողություն, երկու մարդ հոսպիտալացվել է, նշում է գործակալությունը։

Միեւնույն ժամանակ, Մյանմայի անկախ Mizzima պորտալն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ոչ մեծ ինքնաթիռում, որը թռիչքն սկսել էր Նեյպյիդո օդանավակայանից, ընդամենը 12 մարդ կար, որոնցից ութը զոհվել է։ Պորտալի տվյալներով՝ զոհերի մեջ կարող էին լինել բարձրաստիճան զինվորականներ, բայց Mizzima-ն ընդգծում է, որ այս տեղեկատվությունն առայժմ հաստատված չէ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Չինական CGTN հեռուստաալիքը, հղում կատարելով տեղի լրատվամիջոցներին, իր հերթին տեղեկացրել է, որ ինքնաթիռում 16 մարդ է եղել։