ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անկեղծ կլինի հունիսի 16-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ժնեւում կայանալիք հանդիպմանը։ Այս մասին չորեքշաբթի, ԱՄՆ վարչակազմի ղեկավարի ինքնաթիռում ճեպազրույցի ժամանակ Եվրոպա մեկնելիս տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նրան հարցրել են՝ գագաթաժողովում «անհարմար վիճակի չի՞ հանգեցնի արդյոք» սկանդալային հարցազրույցը, որտեղ Բայդենը վիրավորական արտահայտություններ է արել Պուտինի հասցեին։ «Նախագահ (Բայդենը) վաղուց գիտի նախագահ Պուտինին։ Նա երբեք զուսպ չի եղել իր արտահայտություններում, իր մտահոգություններում կամ այն հարցերում, երբ նրանց (Ռուսաստանի) պահվածքը չի համապատասխանել դեմոկրատական արժեքներին, եւ նա, անկասկած, ուղղագիծ է լինելու այս հարցում եւ այդ հանդիպմանը»,- պատասխանել է վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչը։
«Բայց բանը բարեկամությունը չէ, վստահությունը չէ, այլ այն, թե ինչն է համապատասխանում Միացյալ Նահանգների շահերին։ Եվ մեր կարծիքով՝ դա շարժում է դեպի ավելի կայուն եւ կանխատեսելի հարաբերություններ (Ռուսաստանի հետ) ուղղությամբ»,- ավելացրել է Փսակին։
Մայիսին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ հիմնական թեմաները, որոնք կարող են քննարկվել ՌԴ եւ ԱՄՆ նախագահների գագաթաժողովում, ռազմավարական կայունությունն ու երկկողմ հարաբերություններն են, այլ ոչ թե Բայդենի արտահայտությունները Պուտինի հասցեին։ Լայն արձագանք ստացած հարցազրույցը ԱՄՆ նախագահը տվել էր մարտին ABC հեռուստաընկերությանը։ Դրանում նա, մասնավորապես, ասել էր, որ Ռուսաստանի ղեկավարությունը պետք է «գին վճարի» ամերիկյան ընտրություններին միջամտելու՝ Մոսկվային վերագրվող փորձերի հետ կապված։ Բացի այդ, Բայդենը դրական պատասխան էր տվել հարցին, թե արդյոք Պուտինին «մարդասպան» համարում է։
Բայդենը չորեքշաբթի կատարել է իր առաջին օտարերկրյա ուղեւորությունը ամերիկյան վարչակազմի ղեկավարի պաշտոնում։ Նախատեսվում է, որ նա կմասնակցի «մեծ յոթնյակի» գագաթաժողովին Մեծ Բրիտանիայում։ Դրանից հետո ԱՄՆ նախագահը կթռչի Բելգիայի մայրաքաղաք՝ ՆԱՏՕ բարձր մակարդակի հանդիպմանը։ Այնուհետեւ Բրյուսելում տեղի կունենա ԱՄՆ – ԵՄ գագաթաժողովը։ Բայդենի շրջագայության գագաթնակետը կդառնա նրա հանդիպումը Պուտինի հետ Շվեյցարիայում։





























