ԵՄ առաջնորդները առաջին անգամ Չինաստանում հայտնաբերված COVID-19-ի համավարակի պատճառներն անխոչընդոտ հետաքննելու կոչ են անում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նախաքննության քննադատության ֆոնին, հաղորդում է Reuters-ը:

«Քննիչներին անհրաժեշտ է լիարժեք հասանելիություն այն ամենին, ինչ անհրաժեշտ է այս համավարակի աղբյուրը հայտնաբերելու համար»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը նշել է, որ «աշխարհն իրավունք ունի հստակ իմանալ, թե ինչ է տեղի ունեցել, որպեսզի կարողանա դասեր քաղել»: Նա հավելել է, որ ԵՄ-ն աջակցում է բոլոր ջանքերին:

Հաջորդ շաբաթ ԵՄ-ԱՄՆ գագաթաժողովում հաստատման համար տեքստի նախագծում ասվում է. «Մենք կոչ ենք անում առաջընթացի հասնել COVID-19-ի ծագման թափանցիկ, ապացույցների վրա հիմնված եւ փորձագիտական հետազոտությունների մեջ»:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մայիսին հայտարարել է, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունները կուսումնասիրեն կորոնավիրուսի ծագման վերաբերյալ տեսությունները, որոնք ներառում են Ուհանի լաբորատորիայի արտահոսքի հավանականությունը:

ԵՄ դիվանագետները նշել են, որ նոր ուսումնասիրությանը ԵՄ աջակցությունը հիմնականում խորհրդանշական բնույթ է կրում, քանի որ այն անմիջականորեն չի մասնակցելու դրան:

Վիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է Չինաստանի կենտրոնական Ուհան քաղաքում՝ 2019-ի վերջին: