Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ապտակած տղամարդն ասել է, որ Մակրոնը «Ֆրանսիայի քայքայումն է մարմնավորում», հայտնել է BFM TV-ն:

28-ամյա Դամյեն Տարելը դատարանում ասել է, որ Մակրոնի՝ Դրոմի շրջան կատարելիք այցից մի քանի օր առաջ ինքը մտածել է նախագահի վրա ձու կամ կրեմով կարկանդակ նետելու մասին: «Կարծում եմ՝ Մակրոնը մարմնավորում է մեր երկրի քայքայումը», - ասել է նա: «Եթե ես Մակրոնին մենամարտի կանչեի, կասկածում եմ, որ նա կպատասխաներ»:  

Տարելը մեղադրվում է պաշտոնատար անձի վրա հարձակման մեջ, որի համար նախատեսված է առավելագույն պատիժ՝ երեք տարի ազատազրկում եւ 45.000 եվրո տուգանք:

Երեքշաբթի նա հարվածել է Մակրոնին, երբ նախագահը մոտեցել է ողջունելու իրեն սպասող փոքրաթիվ մարդկանց:

Մակրոնը ձեռքը մեկնել է Տարելին, որը կանգնած է եղել անվտանգության պատնեշի հետեւում: Տղամարդը բղավել է «Հեռացի՛ր, Մակրոն» («A Bas La Macronie») ու հարվածել նրա ձախ այտին:

Նրա հետ միասին ձերբակալվել է մեկ այլ անձ, ում տանը ոստիկանությունը հայտնաբերել է զենք, Ադոլֆ Հիտլերի ինքնակենսագրական «Իմ պայքարը» («Mein Kampf») մանիֆեստի կրկնօրինակը եւ ոսկե մանգաղով կարմիր դրոշ, որը կոմունիստական ​​շարժման միջազգային խորհրդանիշն է, հայտնել է դատախազ Ալեքս Պերինը:

Ապտակի հետ կապված մեղադրանք նրան չի առաջադրվի, սակայն ապօրինի զենք պահելու համար կենթարկվի քրեական պատասխանատվության: