Կուբան ժամանակավորապես կդադարեցնի դոլարով կանխիկ բանկային ավանդների ընդունումը ԱՄՆ պատժամիջոցների պատճառով, որոնք սահմանափակում են Կուբայի՝ արտասահմանում դոլար օգտագործելու հնարավորությունը, չնայած երկիրը նախկինի պես կընդունի փոխանցումները, տեղեկացնում է Reuters-ը։
Այս քայլը նախաձեռնվել է այն բանից առաջ, երբ կառավարությունը պետք է ՄԱԿ Գլխավոր ասամբլեային ներկայացներ ամենամյա բանաձեւը ԱՄՆ կործանարար առեւտրային էմբարգոյի դադարեցման մասին։
«Կուբայի համար ավելի ու ավելի դժվար է դառնում գտնել միջազգային բանկային կամ ֆինանսական հաստատություններ, որոնք կցանկանային ստանալ, փոխարկել կամ գործառել ԱՄՆ կանխիկ արժույթով»,- ասվում է Կուբայի Կենտրոնական բանկի հայտարարությունում, որը հրապարակվել է պետական լրատվամիջոցներում։
Նշվում է, որ այս միջոցը չի ազդի այն գործողությունների վրա, որոնք իրականացվում են փոխանցումների կամ այլ արժույթներով դեպոզիտների միջոցով, որոնք ազատ փոխարկվում եւ ընդունվում են Կուբայում։
Ավելի քան 20 բանկ դադարեցրել է տրանզակցիաները Կուբայի մասնակցությամբ այն ժամանակվանից ի վեր, երբ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խստացրեց ԱՄՆ պատժամիջոցները կղզեպետության դեմ, ասել է Կուբայի Կենտրոնական բանկի փոխնախագահ Յամիլե Բերա-Սիրեսը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր քարոզարշավի ժամանակ խոստացել էր չեղարկել վարչակազմի մտցրած որոշ պատժամիջոցներ, որոնք «վնաս են հասցրել կուբացի ժողովրդին եւ ոչինչ չեն արել դեմոկրատիայի ու մարդու իրավունքների առաջմղման համար»։





























