Ամենամեծ սպառնալիքները, որոնց բախվում է ԱՄՆ-ը, Չինաստանն ու Ռուսաստանն են։ Այս մասին ասել է Շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին Կոնգրեսում լսումների ժամանակ, նախագահ Ջո Բայդենի այն հայտարարությունից հետո, թե զինվորական ղեկավարներն իրեն ասել են, որ կլիմայի փոփոխությունն «ամենամեծ սպառնալիքն է Ամերիկայի համար», տեղեկացնում է USA Today-ը։

«Կլիմայի փոփոխությունն իսկապես ազդում է, բայց նախագահը նայում է անհամեմատ ավելի լայն տեսանկյունից, քան ես»,- ասել է Միլին։ «Ես դրան նայում եմ ռազմական տեսանկյունից։ Իսկ զուտ ռազմական տեսանկյունից դրանք (սպառնալիքները) Չինաստանն ու Ռուսաստանն են»։

Ելույթ ունենալով Թագավորական ՌՕՈւ Միլդենհոլ ռազմակայանի ամերիկյան զորքերի առջեւ՝ Բայդենը խոսել է Պենտագոնում Շտաբերի պետերի միավորված կոմիտեի հետ բանավեճի մասին, երբ նա դեռ փոխնախագահ էր. «Սա կատակ չէ, ինձ ասել են, որ ամենամեծ սպառնալիքը, որին բախվել է Ամերիկան, գլոբալ տաքացումն է»։