Կառավարությունում այսօր` հունիսի 28-ին կայացել է  «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստում քննարկվել են «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի 2011թ. տարեկան պլան-բյուջեն եւ 2011-2012 թթ. տարեկան գնումների պլանը:

«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Սերգեյ Վիրաբյանը  մանրամասներ է ներկայացրել 53 մլն դոլար արժեքով ծրագրի չորս հիմնական` «Աջակցություն մրգի եւ ընկուզեղենի արտադրության ոլորտին», «Գյուղական ենթակառուցվածքներ», «Ծրագրի կառավարում» եւ «Այգեգործական վարկեր» բաղադրիչների վերաբերյալ:

Ամփոփելով քննարկման արդյունքները` կառավարության ղեկավարը հանձնարարել է լրամշակել 2011թ. տարեկան պլան-բյուջեն եւ 2011-2012թթ. տարեկան գնումների պլանն արված դիտողություններով ու առաջարկություններով եւ ներկայացնել խորհրդին:

Խորհուրդը քննարկել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի բաղադրիչ «Հայկական միրգ» բաժնետիրական ընկերության հիմնադրմանն առնչվող հարցեր:

Նիստի ընթացքում արծարծվել է «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ գնումների միջգերատեսչական hանձնաժողովի ձեւաչափի հարցը:

Ի թիվս այլ հարցերի, հաստատվել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի «Ենթակառուցվածքների վերականգնում» բաղադրիչի շրջանակում 2011-2015թթ. գազիֆիկացման աշխատանքների իրականացման նպատակով սահմանված կարգով ընտրված համայնքների ցանկը, ինչպես նաեւ հավանություն է տրվել ՀՀ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր եւ Արփի համայնքներում գազիֆիկացման լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու առաջարկին: