«Ժառանգություն» խմբակցությունը խորհրդարանական նիստերին կսկսի մասնակցել այն ժամանակ, երբ ինքը նպատակահարմար գտնի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։
«Բնականաբար, դա աշնանից շուտ չի կարող լինել, քանի որ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանն ավարտվել է, եւ եթե նոր արտահերթ լինի, «Ժառանգությունն» ըստ նպատակահարմարության կամ ծարահեղ անհրաժեշտության պարագայում կմասնակցի նիստերին»,- նկատեց Մարտիրոսյանը։
Պատգամավորը նաեւ նշեց, որ խմբակցության անդամները չեն մասնակցում բացառապես խորհրդարանական նիստերին, իսկ իրենց մյուս պարտականությունները կատարում են ամբողջ ծավալով:
Արմեն Մարտիրոսյանը համոզմունք հայտնեց, որ «Ժառանգություն» խմբակցության՝ ԱԺ նիստերին մասնակցելուց հրաժարվելը եւ անձամբ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ամիսներ առաջ Ազատության հրապարակում հայտարարած հացադուլն ուղղված էին հատուկ լսարանի եւ հասան իրենց նպատակին։ Որպես իրենց գործողությունների հիմնական հասցեատեր Մարտիրոսյանը նշեց հասարակությանը։
«Հենց հասարակության միջոցով էլ փորձելու ենք երկիրը դուրս բերել ներկայիս վիճակից, այդ թվում՝ եթե անհրաժեշտություն լինի, արտահերթ լուծումների միջոցով»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։
Հարցին, թե չե՞ն վախենում արդյոք խորհրդարանական նիստերը բոյկոտելու արդյունքում կորցնել իրենց համակիրների վստահությունը եւ մեղադրվել անգործության մեջ, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Նիստերին չմասնակցելու գործոնը մինչ այժմ մեր համակիրների կողմից դժգոհություներ չի հարուցել։ Բոլորը շատ լավ հասկանում են, որ սա մեր կողմից իրականացվող քաղաքական քայլ է, որ սա աշխատանքից խուսափելու ձեւ չէ եւ որ մեր կողմից նիստերը բոյկոտելն անժամկետ բնույթ չի կրելու»,- ափոփեց պատգամավորը։
Նշենք, որ «Ժառանգություն» խմբակցությունը խորհրդարանական գործունեության մասնակի առկախման տեսքով իրականացվող բողոքի գործողությունն սկսել էր կոալիցիոն նոր հուշագրի վերաբերյալ ունեցած դժգոհությունից դրդված։




























