Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր` հունիսի 28-ին ընդունել է Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուել Մեիրոմին, եւ նրա հետ քննարկել գյուղատնտեսության բնագավառում հայ-իսրայելական համագործակցության հեռանկարները:
Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սերգո Կարապետյանն ու Շմուել Մեիրոմին ընդգծել են այն ընդհանրությունները, որոնք առկա են Հայաստանի եւ Իսրայելի միջեւ: «Փոքր տարածքում ու սահմանափակ հողային ռեսուրսներով, գիտական ռեսուրսների հաշվին կարողանում ենք ապահովել բարձր արտադրողականություն», - նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարն ու հատկապես կարեւորել Իսրայելի` գիտական ձեռքբերումները գյուղատնտեսության բնագավառում:
Որպես համագործակցության ճյուղեր մատնանշվել են ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման բնագավառում փորձի փոխանակումը, անասնապահության, ջերմոցային տնտեսությունների ստեղծման գործում համագործակցությունը:
«Մենք բաց ենք «ՄԱՇԱՎ» ծրագրի շրջանակներում համագործակցել Հայաստանի հետ, որը կարող է ներառել բազմաթիվ ոլորտներ: Պարենի համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում իսրայելական կողմը պատրաստ է տրամադրել մասնագիտական խորհրդատվություն, այս հարցում առավել ուշադրություն է հարկավոր, քանի որ խոսքը վերաբերում է երեխաներին», - նշել է դեսպանը:
Ի դեպ, գյուղատնտեսության բնագավառում հայ-իսրայելական համագործակցությունը սկզբնավորվել է դեռեւս 1993-ից: Հաշվի առնելով Հայաստանում վերամշակող ճյուղի զարգացման միտումները` ներկայումս պայմանավորվածություն կա մեր երկրից Իսրայել արտահանել մրգային խտանյութեր:
«Համագործակցության մեծ հնարավորություններ ունենք, պետք է օգտվել դրանից», - ընդգծել է Սերգո Կարապետյանը` համակարգված համագործակցության համար կարեւորելով «ՄԱՇԱՎ» ծրագրին լայն թափ հաղորդելն ու երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջեւ համագործակցության համաձայնագրի կնքումը: Իր հերթին Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուել Մեիրոմին կարեւորել է փաստաթղթի մշակման նախապատրաստումն ու ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցի կազմակերպումը Իսրայել:
Հատկանշական է, որ այս տարվա նոյեմբերի 16-17-ին Իսրայելում անցկացվելու է միջազգային ցուցահանդես` ջերմոցային տնտեսությունների վերաբերյալ:




























