Վերջին տարիներին պետական պարտքի արագացված աճը շատերի մտահոգության առարկան է: ՀՀ ֆինանսների նախարարությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել պետական պարտքի կառավարման 2012-14 թ.թ. ռազմավարական ծրագիրը:

Նշվել է, որ պարտքի խելամիտ կառավարումը կարեւոր դեր է խաղում պետական ֆինանսների կառավարման գործում: Սա ավելի կարեւոր նշանակություն է ձեռք բերում փոքր եւ բաց տնտեսություն ունեցող երկրների համար, երբ ռեսուրսները սահմանափակ են, իսկ կառավարությունը պարտադրված է պարտք ներգրավել: Հետեւաբար` նման իրավիճակում կառավարությունը պետք է վստահ լինի, որ փոխառության քաղաքականությունը ապագայում չի բերի անկայուն դիրքի, պարտքի մարման ծախսերը չի հասցնի մինչեւ անընդունելի եւ ծայրահեղ մակարդակի:

Ֆինանսատնտեսական ճգնաժամին նախորդող տարիների ընթացքում Հայաստանում արձանագրվեց աննախադեպ բարձր տնտեսական աճ: Դրան զուգահեռ Հայաստանի ներգրաված արտաքին պարտքի մակարդակը գնալով նվազում էր, եւ արդյունքում պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 1999թ.  49.3 տոկոսից նվազեց մինչեւ 16.4 տոկոս 2008թ.: Բացի այդ` պարտքի կառուցվածքում գերակշռում էին արտոնյալ վարկերը: 

Սակայն ճգնաժամային եւ հետճգնաժամային տարիների ընթացքում արտաքին պետական պարտքը կտրուկ աճեց` 2009 եւ 2010 թվականներին համապատասխանաբար կազմելով ՀՆԱ-ի 35.7 եւ 34.2 տոկոսը: Այսինքն` վերջին տարիներին պարտքն աճեց ավելի արագ, քան երկրում ստեղծված ավելացված արժեքը: 2009 թ. ներգրավված արտաքին պարտքերի 65 տոկոսը եղել է առեւտրային պայմաններով, իսկ 2010թ.`55 տոկոսը:

Կառավարության գնահատականներով` եթե առաջիկա տարիների համար կանխատեսված մակրոտնտեսական սցենարները պահպանվեն, ապա չեն լինի պարտքի կայունության լուրջ վտանգներ, եւ պետական պարտքը կգտնվի կառավարելիության շրջանակներում:

Սակայն պարտքի կայունության վերլուծության շրջանակներում կատարված ստրես-թեստերը բացահայտում են նաեւ, որ արտաքին պարտքի կայունությունը առավել զգայուն է դրամի կտրուկ արժեզրկման նկատմամբ, իսկ ֆիսկալ կայունության մասով` ցածր տնտեսական աճի նկատմամբ:  

2012-14 թվականներին պետական բյուջեից արտաքին պարտքի միայն տոկոսավճարների մարման նպատակով պետք է տարեկան հատկացվի մոտ 55 մլն դոլար: 2013 եւ 14 թվականներին նաեւ մոտ 150 մլն դոլար է հարկավոր հիմնական գումարի մարման նպատակով: 2013 թ. այս առումով կարելի է համարել ամենապիկային տարի, քանի որ կառավարությունը ավելի քան 400 մլն դոլար պետք է ծախսի ներքին ու արտաքին պարտքերի մարման նպատակով:

Ենթադրվում է, որ Հայաստանի արտաքին պետական պարտքը 2012 թ. կգերազանցի 4 մլրդ դոլարը, եւ 2014 թ. կհասնի 4.3 մլրդ դոլար: Դրա 80 տոկոսից ավելին կառավարության պարտքն է, մնացածը` կենտրոնական բանկինը: