Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարը վերլուծելով` ամերիկյան հեղինակավոր «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնը եզրակացնում է, որ գլխավոր դերակատարը ոչ Ադրբեջանն է, ոչ էլ Հայաստանը, այլ` Ռուսաստանը:

Նախկին Խորհրդային Միության տարածքում Ռուսաստանի հիմնական նպատակը սեփական շահերի առաջխաղացումն է եւ մյուս տերությունների, հատկապես, Արեւմուտքի շահերի արգելափակումը:

«Հենց այդպիսի դասավորություն է Կովկասում. Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի նկատմամբ Արեւմուտքը սուր հետաքրքրություն է ցուցաբերում: Առանցքային նշանակություն ունի Ադրբեջանը, որն ամենամեծ բնակչությունն ունի եւ ռազմավարական կետերում սահմանակից է Ռուսաստանին եւ Իրանին, բացի այդ հարուստ է նավթի եւ բնական գազի զգալի պաշարներով:

Էներգետիկ ռեսուրսները թույլ են տալիս Ադրբեջանին լինել Արեւմուտքի կարեւոր մատակարարը եւ սպառնալ Եվրոպայի հետ Ռուսաստանի էներգետիկ կապերին եւ քաղաքական հարաբերություններին: Դրանով է բացատրվում Մոսկվայի քաղաքական եւ տնտեսական աջակցությունը Երեւանին: Բացի այդ Ռուսաստանը ներկայացված է Հայաստանի սահմաններին: Ռուսաստանն այժմ ձեւացնում է, թե անում է հնարավոր ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնության ձեռքբերման համար, սակայն իրականում անում է հնարավորը այդպիսի համաձայնագրի կնքումը բացառելու համար»,- կարծում են «Ստրատֆորում»:

Ամերիկացի վերլուծաբանները կարծում են, որ քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, Ադրբեջանի ելքն Արեւմուտք Թուրքիայի միջոցով մնում է փակ:

«Ու թեեւ Ադրբեջանը էներգետիկ արտահանման ֆոնին մեծացնում է իր ռազմական ծախսերը, սակայն փաստը մնում է փաստ, որ Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը կանխիչ ուժ է Ադրբեջանի նկրտումների դեմ: Բացի այդ Ռուսաստանը ռազմական ներկայություն ունի Աբխազիայում եւ Հարավային Օսիայում եւ դրա շնորհիվ լծակներ ունի Ադրբեջանի դեմ: Հետեւաբար, Լեռնային Ղարաբաղի շուրջ զգալի տեղաշարժի հեռանկարը նույնացվում է Ռուսաստանի դիրքորոշման հետ»,- ամփոփում է «Ստարտֆորը»: