Հայկական Ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) արդիականացման համալիր ծրագիրը կարող են իրականացնել Ուկրաինայի Խարկովի մարզի ընկերությունները։ Այդ նախագծի հետ կապված հարցերն են քննարկվել Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի Խարկովի մարզի պատվիրակության հետ հանդիպմանը։
Զրույցի ընթացքում ուկրաինացի մասնագետները ներկայացրել են էներգետիկայի, էներգամեքենաշինության ոլորտի իրենց աշխատանքներն ու էներգախնայողության ոլորտի ձեռքբերումները։
Հայկական ԱԷԿ-ի (որի շահագործման ժամկետն ավարտվում է 2016 թվականին) արդիականացման համալիր ծրագիր է առաջարկել Խարկովի շրջանային վարչակազմի նախագահ Արսեն Ավակովը։ Ըստ նրա, «Էլեկտրոտյաժմաշ» ՊՁ-ն շահագրգռված է ՋԷԿ-երի, Ջերմաէլեկտրակենտրոնների, փոքր ՀԷԿ-երի եւ այլքի համար նախատեսված տարբեր հզորության տուրբոգեներատորների նախագծման ու արտադրության հարցում։
Ինչպես հայտարարել է «Տուրոատոմ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Սուբբոտինը, ձեռնարկությունը պատրաստ է մասնակցել այն կայանի արդիականացմանը, որն ապահովում է Հայաստանի էներգիայի 40%-ը։ Դա, ըստ նրա, թույլ կտա նրա շահագործման ժամկետը երկարաձգել եւս 20 տարով։ Բացի այդ, ձեռներեցները հաստատել են Հայաստանում նոր ԱԷԿ-ի շինարարության համար սարքավորումների մատակարարման տենդերին մասնակցելու պատրաստակամությունը։
Հայկական կողմն իր հերթին շահագրգռվածություն է հայտնել խարկովյան"Ֆորեզ" ընկերության՝ էներգախնայողության հայկական ծրագրի շրջանակներում ջերմային բրիկետների արտադրության համար նախատեսված սարքավորումների արտահանման եւ հայկական գազաբաշխիչ ցանցերում տուրբոդետենդերային կայանքներ տեղադրելու առաջարկի շուրջ։
Նշենք, որ Մեծամորի ԱԷԿ-ը ներկայումս տարեկան արտադրում է 2 մլրդ. կՎտ/ժամ էլեկտրաէներգիա։ 2006 թվականին Հայաստանի կառավարությունը հայտարարել էր, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը ավարտվելու է 2016 թվականին։ Հայաստանը՝ ստորագրելով Գործողությունների ծրագիրը «Եվրոպական նոր հարեւանության» նախագծի շրջանակներում, պարտավորվել է հնարավորինս կարճ ժամկետներում փակել 407,5 ՄՎտ հզորությամբ հնացած ԱԷԿ-ը։ Միաժամանակ, հայտարարվել էր, որ կայանը շահագործումից հանելը հնարավոր է միայն հանրապետությունը էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներով ապահովելուց հետո։
Մինչեւ 2016 թվականը Հայաստանը ծրագրում է կառուցել 1200 ՄՎտ հզորությամբ ատոմային նոր էներգաբլոկ, որի շահագործման ժամկետը կկազմի 60 տարի։ Հայաստանի համար նոր ԱԷԿ-ի շինարարության նախագծում, որը գնահատվում է մոտավորապես 4 մլրդ. դոլար, ընդգրկված են այնպիսի խոշոր ներդրողներ, ինչպիսին է Եվրասիական զարգացման բանկը։ Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի շինարարության կազմակերպման տենդերի հաղթող է դարձել ավստրալիական WorleyParsons կոնսորցիումը։ Ընկերությունը պետք է զբաղվի բլոկի նախագծման կազմակերպման, պոտենցիալ ներդրողների համար տենդերի հայտարարման, դրանց ընտրության հարցերով, որից հետո կսկսվի նախագծային աշխատանքների իրականացման փուլը, իսկ այնուհետեւ եւ բուն շինարարությունը։ Նախատեսվում է նաեւ հայտարարել ատոմակայանի շինարարության տենդեր։




























