Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները, որոնք ստորագրվել են հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, զբոսաշրջության եւ տնտեսության զարգացման համար սահմաններ բացելու նախաձեռնություն են, որը խորհրդանշում է երկու պետությունների պատմական առաջընթացը եւ խաղաղության հաստատումը,- թուրքական Zaman թերթի էջերում գրում է վերլուծաբան՝ Բիրոլ Աքգյունը։

Վերլուծաբանը խոսում է նրա մասին, որ լարվածությունը եւ անհանգիստ մթնոլորտը, որոնք նախորդեցին արձանագրությունների ստորագրման գործընթացին, կանցնեն պատմության գիրկը։ Հայաստանը եւ Թուրքիան՝ սկսած 1921 թվականից առաջին երկկողմ միջազգային համաձայնությունն են կնքել, եւ չնայած հայկական Սփյուռքի եւ Հայաստանի «Դաշնակցություն» կուսակցության, ինչպես նաեւ Թուրքիայի աջակողմյան եւ ձախակողմյան ուժերի ընդդիմությանը, երկու երկրների առաջնորդների խիզախ քայլերը կգնահատվեն եւ կբերեն իրենց օգուտները։

Վերանանք բացասական տրամադրված իրապաշտներից, որոնք փորձում են իրենց տեսակետը հիմնավորել նրանով, որ միջկառավարական հարաբերությունները միջազգային համակարգում, իրականում, ամենաթողություն են, որոնք միտված են իշխանության համար պայքարին, ինչը՝ արտաքին քաղաքականության բուն նպատակն է։

Չնայած պատմությունը ըստ էության ընդունելու հոգեբանական ծանրությանը եւ փոխադարձ անվստահությանը, երկու պետություններն էլ չէին կարող հաշվի չառնել աշխարհաքաղաքականության թելադրած չոր փաստերը։ Այդ առումով էլ Թուրքիան պետք է իր հարեւանի հետ դիվանագիտական հարաբերությունների քաղաքականությանը դավանի երկու պատճառով, առաջինը՝ 1915 թվականին Օսմանական Թուրքիայում կատարված Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայկական Սփյուռքի մեղադրանքների եւ ափսոսանքի արժանի քաղաքական ագրեսիվ քարոզչության պատճառով, որը նպատակաուղղված է համոզելու Թուրքիային, որպեսզի վերջինս այդ իրադարձությունները համարի ցեղասպանություն։ Այդ հարցի վերաբերյալ հայերի հայտարարությունները Թուրքիայի համար ոչ պակաս գլխացավանք են եւ խնդիրներ են առաջացրել։ Երկրորդ պատճառն այն է, որ Հայաստանը 1993 թվականից զավթել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, եւ ի պատասխան դրան՝ Թուրքիան փակել է Հայաստանի հետ իր սահմանը։ Սակայն, միեւնույն ժամանակ, նա հարաբերությունները կարգավորել է Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում՝ համաձայն Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի «հարեւանների հետ ոչ մի խնդիր» քաղաքականության։ Եւ Հայաստանը այդ համատեքստում բացառություն է այնպիսի պետությունների շարքերում, ինչպիսիք են՝ Հունաստանը, Բուլղարիան, Վրաստանը, Իրանը, Սիրիան, Իրաքը։ Իսկ Թուրքիա համար, որն իր վրա է վերցրել տարածաշրջանում «խաղաղության աղավնու» դերը, Մեծ քսանյակում եւ ՄԱԿ-ում զարգացող երկրների ներկայացուցչի գործառույթները, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը բավականին բնական է։

Արձանագրությունները ստորագրելով՝ Թուրքիան հայ համայնքին զրկեց իր կարեւոր խաղաքարտից։ Երբ գործընթացը ավարտվի, Հայաստանը կազատվի իր տնտեսական եւ աշխարհաքաղաքական մեկուսացումից։ Ճիշտ է, նա կսկսի գործ ունենալ միջազգային հասարակության հարաճուն ճնշման հետ, բայց ակնհայտ է, որ ընդամենը մի քանի տարի հետո Հայաստանը եւ Թուրքիան կարող են տարածաշրջանում լավ ընկերներ դառնալ։ Բոլոր այս մտքերը հիմնված են համաշխարհային, տարածաշրջանային եւ ներքին զարգացումների թելադրած դինամիկայի վրա։ Արձանագրություններում չերեւացող նախապայմանը ղարաբաղյան հարցի վերջնական եւ արդարացի լուծումն է։ Թուրքիան այս հիմնախնդրում պասիվ դերակատար է։ Եվրամիության, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից՝ Հայաստանի վրա այս հարցում «առաջընթացի» հասնելու համար գործադրած ճնշումը որոշիչ դեր կխաղա։ Ամեն դեպքում, իրադարձությունների բնականոն ընթացքը Հայաստանին եւ Թուրքիային կբերի հարաբերությունների բարելավման, այլապես նրանք չեն կարող դիմակայել քաղաքական տարաբնույթ ազդեցություններին, որոնք առնչվում են պատմական անցյալին, աշխարհագրական դիրքին, միջազգային ուժերի հավասարակշռությանը եւ տարբեր ժողովուրդների շահերին։ Մենք մեր ուշադրությունը պետք է սեւեռենք ապագայի վրա՝ ազատվելով անցյալի ծանր բեռից….