«Լեւոն Տեր-Պետրոսյանը հայ-թուրքական սահմանի բացման դիմաց երբեք չէր վճարի այն գինը, որ վճարեց Սերժ Սարգսյանը, այն է՝ ուրանալ Ցեղասպանությունը»,- հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե իշխանությունների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայ-թուրքական հարցում ունեցած դիրքորոշումները նույնացվում են։
Նշելով, որ այդ տեսակետի շրջանառությունն ընդամենը «անմաքուր քարոզչական միջոց է»՝ նա նկատեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կողմ է եղել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն, բայց երբեք չէր համաձայնի պատմական հանձնաժողովի ստեղծմանը։
"Ցյուրիխյան ուրացման գործընթացը փաստ է, եւ Թուրքիան ստացավ գործարքի իր մասնաբաժինը՝ անկախ արձանագրությունների վավերացումից՝ հասնելով նրան, ինչին ձգտում էր՝ միջազգային կառույցների օրակարգից հանել Ցեղասպանության հարցը ",- ընդգծեց Լեւոն Զուրաբյանը։
Նրա համոզմամբ, Սերժ Սարգսյանն այլեւս անզոր է ուղղել թույլ տված սխալները. այս իրադրությունում նրան երկու բան է մնում՝ կամ ձեռնունայն թողնել սեփական ժողովրդին կամ Ղարաբաղի հարցում գնալ նոր զիջումների։ «Դիվանագիտական խաղում Թուրքիան հաղթել է. հայ ոչ մի ղեկավար այսպիսի մեծ նվեր չէր տվել Թուրքիային: Իրավիճակը կարելի է շտկել միայն մի տարբերակով՝ համաժողովրդական ընդվզման միջոցով հասնելով Սերժ Սարգսյանի վարչակարգի տապալմանը»,- եզրափակեց նա։




























