Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը դեռ չմարսած՝ ադրբեջանական լրատվամիջոցները ստիպված են հանգամանալի պատրաստվել թուրքական Բուրսա քաղաքում Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների միջեւ կայանալիք ֆուտբոլային հանդիպմանը: Ի հեճուկս ադրբեջանցիների՝ Թուրքիայի ղեկավարության ձեռնարկած անվտանգության միջոցները բավարարեցին քաղաքում հանգիստ իրավիճակի ստեղծման համար, էլ չասած, որ բողոքի գործողությունների սակավամարդ մասնակիցների մեծամասնությունը տեղացի ադրբեջանցիներ են:

Բնականաբար ադրբեջանական ԶԼՄ-ներն ամեն կերպ փորձում են ճոխացնել քաղաքում իրենց երկրի դրոշների բաժանման լուրը, բայց կադրում մնաց գլխավոր հարցը՝ հայ-թուրքական արձանագրություններն արդեն ստորագրվել են, եւ ինչ է ցանկանում Բաքուն ապացուցել իրեն եւ միջազգային հանրությանը Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի շուրջ հիստերիա բարձրացնելով, անհասկանալի է: Դե, հազիվ ինքնամխիթարանքով են զբաղված:

Իսկ այդ ինքնամխիթարման համար պատրվակ էլ են գտել: Համաձայն ադրբեջանակն պետական «Aztv» հեռուստաալիքի «Խեբերլար» տեղեկատվական հաղորդման՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Բուրսա կատարելիք այցի նախօրեին այդ թուրքական քաղաքում բացվել է «համազգային առաջնորդ եւ թյուրքական աշխարհի հանճարեղ անհատականություն» Հեյդար Ալիեւի կիսանդրին: Թե ինչպես խորհրդային տարիների դասական բյուրոկրատը վերածվեց «թյուրքական աշխարհի աքսակալի», իհարկե, որեւէ մեկը չգիտի, բայց գոնե առիթ կա մխիթարելու ադրբեջանցի հեռուստադիտողներին, որոնց այսքան տարի կերակրել են առանց Ադրբեջանի «զավթած» հողերի վերադարձի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհնարինության գաղափարներով: