Երեւանի քաղաքապետարանի առաջ հուլիսի 1-ին ժամը 10.00-ին, «Մենք դեմ ենք մետրոյի թանկացմանը» նախաձեռնող խմբի մոտ 30-35  անդամներ բողոքի ակցիա են կազմակերպել, որի ժամանակ նամակ են փոխանցել Երեւանի քաղաքապետին: Այս մասին այսօր` հուլիսի 1-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախաձեռնող խմբի անդամներից Արմանը:

Նրա խոսքով` նամակում խնդրում են վերանայել մետրոյի սակագինը, քանի որ կարծում են, որ թանկացումը չի բերի մետրոյի բարելավմանը, մետրոյի երթեւեկության գինը հավասարեցնելով վերգետյա տրանսպորտին` նրա համոզմամբ` կպակասեն այդ փոխադրամիջոցից օգտվող քաղաքացիները: «Մետրոյից հիմնականում օգտվում է սոցիալապես խոցելի խավը` ուսանողները, մարդիկ, ովքեր չունեն վկայականներ, հետեւաբար` մետրոյի թանկացումը տրամաբանական չէ»,- ասաց Արմանը:

Նամակի պատասխանը երիտասարդները կստանան 30 օրվա ընթացքում, իսկ մինչ այդ նրանք կշարունակեն տարբեր ակցիաներ կազմակերպել, վաղը` հուլիսի 2-ին էլ էլ նախատեսում են ասուլսի հրավիրել:

Նշենք, որ քաղաքապետի որոշմամբ` այսօրվանից մետրոպոլիտենի ուղեվարձը կդառնա 100 դրամ արդեն նախկին  50 դրամի փոխարեն: