Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր նշանակումից հետո ոչ մեկին աշխատանքից չի հեռացրել: Այս մասին այսօր` հուլիսի 1-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյուղնախարարության աշխատակազմի ղեկավար Կառլեն Միքայելյանը: «Ես ոչ մի դեպք չեմ հիշում, որ որեւէ մեկն աշխատանքից հեռացվի: Հեռացնելը տույժ է, մարդուն հեռացնում են աշխատանքից` վատ աշխատելու համար, որը հետագայում նրա ճակատագրի վրա ազդում է, այդպիսի դեպք չի եղել, մարդիկ ազատվել են իրենց դիմումների համաձայն»,- ասաց նա:

Իսկ թե քանի՞ մարդ է ազատվել իր դիմումի համաձայն, հարցին էլ արձագանքեց, որ դրա համար պետք է գրավոր հարցում ուղարկենք:

Լրատվամիջոցներում հրապարկվել էին, որ աշխատանքից հեռացվել է գյուղերի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենը, ինչի վերաբերյալ աշխատակազմի ղեկավարը նշեց, որ լսել է, որ այնտեղ կադրային փոփոխություն է տեղի ունեցել: Նրա խոսքով` իրենց դիմումների համաձայն ազատվել են անտառի մոնիտորինգի տնօրենը, Երկրագործության ինստիտուտի տնօրենը, գյուղնախարարության բուսաբուծության վարչության պետը:

NEWS.am-ը զանգահարել է նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանին` ճշտելու, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են այն տեղեկությունները, որ նրան եւս աշխատանքից ազատել են, բայց նա հերքեց այդ լուրերը` նշելով, որ ինքն աշխատում է եւ նորմալ աշխատանքային հարաբերությունների մեջ է նախարարի հետ:

Ըստ լուրերի` գյուղնախարարն աշխատանքից հեռացրել է մոտ մեկ տասնյակ մարդկանց, ըստ որում` մի մասին հեռացրել է, իսկ մյուս մասի դեպքում էլ այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ ինքնակամ դիմում գրեն եւ հեռանան աշխատանքից: Գյուղնախարարության աշխատակազմի ղեկավարը չմեկնաբանեց այս լուրերը:

Ինչ վերաբերում է սննդի անվտանգության պետական ծառայության 70 աշխատակիցներին, որոնք ազատվել էին աշխատանքից, ապա աշխատակազմի ղեկավարը նշեց, որ այդ դեպքում եւս ոչ ոք չի հեռացվել, վերակազմակերպում է տեղի ունեցել, ստեղծվել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը. «Քաղծառայության մասին օրենքն այս հարցը կարգավորում է, թե ինչպես են վարվում աշխատողների հետ: Վերակազմակերպման դեպքում պետք է ուղարկեինք ռեզերվ»,- ասաց Կառլեն Միքայելյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին աշխատակիցների պատմությունը եւ այդ ժամանակ մեզ հետ զրույցում Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գրիգոր Գրիգորյանը նշել էր, որ Գյուղատնտեսության նախարարության կադրերի բաժինը կոպտագույն սխալ է թույլ տվել` մարդկանց ազատելով աշխատանքից եւ չուղարկելով կադրերի ռեզերվ, «այդ  պատճառով էլ գոյացել է այն, ինչ գոյացել է եւ ունենք այն, ինչ ունենք»: