Հայաստանի վիճակագրական ծառայությունը հրապարակել է ընթացիկ տարվա ապրիլի միջին աշխատավարձի ցուցանիշներն ըստ տնտեսության ճյուղերի:

Հայաստանում միջին ամսական աշխատավարձը 112730 դրամ է եւ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 7,3 տոկոս: Նույն ժամանակահատվածում սպառողական գների ինդեքսը կազմել է 108,9 տոկոս` աշխատավարձի աճը գերազանցելով 1,6 տոկոս:

Մայիսին տնտեսական ակտիվության ինդեքսը հասավ 109,9 տոկոսի, արդյունաբերական արտադրանքի ծավալը աճեց 25,1 տոկոս, իսկ միջին ամսական աշխատավարձը միայն 7,2 տոկոս: Մինչդեռ ապրանքներն ու ծառայությունները թանկացել են 9 տոկոս:

Ապրիլին միջին աշխատավարձի աճի հանրապետական միջին տեմպը գերազանցվել է լեռնահանքային արդյունաբերությունում` 12,5 տոկոս, ջրամատակարարման, կոյուղու, թափոնների վերամշակման եւ երկրորդային հումքի ստացման ոլորտներում` 14,3 տոկոս, փոխադրումների եւ պահեստային տնտեսության ոլորտներում` 9,2 տոկոս:

Աշխատավարձի զգալի աճ է գրանցվել մշակույթի, զվարճանքի եւ հանգստի ոլորտներում` 16,1 տոկոս: Ռեկորդակիրը առողջապահության եւ բնակչության սոցիալական սպասարկման ոլորտն է` 24,7 տոկոս:

Ապրիլին լեռնահանքային արդյունաբերության աշխատողների միջին աշխատավարձը բացարձակ թվերով 224,9 հազար դրամ էր կամ 602 դոլար:

Սակայն այս ոլորտը 2009թ. տվյալներով, ապահովում է միայն 7,3 հազար մարդու զբաղվածություն: Այդ պատճառով ազդեցությունը երկրի միջին աշխատավարձի ցուցանիշի վրա մեծ չէ:

Իսկ 100 հազար մարդու ներգրավվածությամբ կրության ոլորտում միջին ամսական աշխատավարձը հանրապետության միջին ցուցանիշի` 112730 դրամի միայն 70 տոկոսն է կազմում, ապրիլին էլ աճը եղել է ընդամենը 3,5 տոկոս:

Վերամշակող արդյունաբերությունում զբաղված է մոտ 84 հազար մարդ: Այսօրվա Հայաստանի համար սա գերազանց ցուցանիշ է: Սակայն այս ոլորտում միջին աշխատավարձը երկու անգամ զիջում է լեռնահանքային արդյունաբերության միջին աշխատավարձին, թեեւ տեսականորեն հակառակ պատկերը պետք է լիներ:

Երկրի խոշորագույն գործատուն պետությունն է, որը տարիներ շարունակ իրականացրել է չինովնիկների բարեկեցության մակարդակի բարձրացման ռազմավարություն` նպատակ հռչակելով կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը: Ռիսկերի մասին դրական բան ասելը դժվար է, սակայն նախորդ տարիներին չինովնիկների օրինական եկամուտները զգալիորեն աճել են, թեեւ այս տարի միջին աշխատավարձը 10,5 տոկոս է գերազանցում միջին հանրապետական ցուցանիշը: Աճն էլ կազմել է խորհրդանշական 0,1 տոկոս:

Պետք է ենթադրել, որ դեր է խաղացել նաեւ Հայաստանի վարկատու Արժույթի միջազգային հիմնադրամը, որը մեծ արտաքին պարտք ունեցող երկրներին հորդորում է սահմանափակել պետբյուջեի ծախսերը, առաջին հերթին աշխատավարձի գծով: