Ադրբեջանական սփյուռքը բանակցություններ է սկսել թուրքական սփյուռքի հետ հայ-թուրքական սահմանի բացումը կանխելու համար։ Այդ մասին Trend News-ին հոկտեմբերի 14-ին հայտնել է Բենիլուքսի երկրների ադրբեջանական համագումարի նախագահ Էլսեւեր Մամեդովը։

«Մենք բանակցություններ ենք վարում թուրքական եւ Եվրոպայում գործող այլ համայնքների հետ։ Թուրքական կազմակերպություններն իրենք էլ դեմ են Թուրքիայի սահմանի բացմանը Հայաստանի հետ։ Պետք է համբերատար գործել, որ քաղաքական խնդիրներ չառաջանան»,- հայտարարել է Մամեդովը, որի կարծիքով, արձանագրությունների ստորագրումը եւ Թուրքիայի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերություններ սկսելը դեռեւս չի նշանակում սահմանների բացում։

Միեւնույն ժամանակ Վրաստանի ադրբեջանցիների համագումարի նախագահ Ալի Բաբաեւը նույն գործակալությանը հայտնել է, որ նրանք արդեն բանակցություններ վարել են Թուրքիայի խորհրդարանի ներկայացուցիչների հետ։

«Բանակցությունների ընթացքում ասվել է, որ ադրբեջանական սփյուռքը հույս ունի՝ Թուրքիան եղբայրական պետությանը ծանր դրության մեջ չի թողնի։ Մենք ասել ենք նրանց, որ քանի դեռ լուծված չէ ղարաբաղյան հակամարտության խնդիրը, հայ-թուրքական սահմանը չպետք է բացվի»: