«Շիրակ կենտրոնը» աղետի գոտում պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա անօթեւան ընտանիքներին կացարան հատկացնելու խնդրի մասին դիմում-առաջարկ է ուղղել ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին եւ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:

Դիմում – առաջարկում, մասնավորապես, ասված է.

«Երկրաշարժի ժամանակ բնակարան կորցրած տասնյակ ընտանիքներ անօթեւանների հերթացուցակում ընդգրկված  չեն միայն այն պատճառով, որ վերահաշվառման ժամանակ` մինչեւ 2008 թվականի ավարտը հանրապետությունից բացակայել են կամ ժամանակին չեն կարողացել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը պատրաստել ու հանձնել համայնքային իշխանություններին: Ինչպես գիտենք, նրանք եւս, աղետի գոտում բնակբաշխման գործընթացը կանոնակարգող ՀՀ կառավարության որոշումներով սահմանված կանոնակարգի համաձայն, ենթակա չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման: 

Մեզ են դիմում եւ այնպիսի անօթեւաններ, որոնք կացարան չունենալու պատճառով զրկված են անգամ մշտական կամ փաստացի բնակության վայրի հաշվառում ունենալու հնարավորությունից:

Անհրաժեշտ է անհապաղ անդրադառնալ փաստացի փողոցում եւ ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված մեր համաքաղաքացիներին մշտական կամ ժամանակավոր կացարաններով ապահովելու խնդրին: Նրանցից շատերը համաձայն են անգամ բնակվել ժամանակավոր կացարաններում կամ հանրակացարաններում, միայն թե ծածկ ունենան իրենց գլխի վերեւ եւ որեւէ տեղ փաստացի հաշվառվելու հնարավորություն:

Կան քանդման ենթակա, նախորդ եւ ընթացիկ տարում բնակարաններ ստացած ընտանիքների կողմից տնօրինվող քարաշեն կամ կիսաքարաշեն ժամանակավոր կացարաններ, որոնք միանգամայն պիտանի են երկարաժամկետ բնակության համար: Ուստի նպատակահարմար կլինի, եթե այդ կացարանները տրամադրվեն այն ընտանիքներին, որոնք  բնակվելու որեւէ տեղ չունեն եւ պետության կողմից էլ բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: 

Անհրաժեշտ է մշակել եւ իրականացնել պետության կողմից փոխհատուցման ոչ ենթակա ընտանիքներին կացարաններով ապահովելու այլ ծրագրեր եւս: Մասնավորապես.

1. խրախուսել, որ անհատ բարերարների կամ բարեգործական հիմնադրամների կողմից բնակարանների նվիրատվություններ իրականացվեն հատկապես վերը նշված կարգավիճակում հայտնված անօթեւան ընտանիքներին,

2. համայնքին պատկանող բնակարանային ֆոնդից կատարվեն հատկացումներ,

3. հատկացումներ կատարվեն նաեւ  Հայաստանում պետական բյուջեի միջոցներով կառուցված սոցիալական բնակարանային ֆոնդից»: