«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը մշակել է հակամենաշնորհային կարգավորման օրենքի նախագիծ, որի շնորհանդեսը կայացել է այսօր: Ինչպես իր խոսքում նշեց կենտրոնի նախագահ եւ օրենքի նախագծման աշխատանքների ղեկավար Անդրանիկ Թեւանյանը, ըստ այս օրենքի Հայաստանում գործող երկու պետական հանձնաժողովներ` մրցակցության պաշտպանության հանձնաժողովը եւ հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովը պետք է միաձուլվեն եւ ստեղծվի նոր հակամենաշնորհային խորհուրդ, որը կֆինանսավորվի բացառապես բյուջեի միջոցների հաշվին եւ կախված չի լինի այլ աղբյուրներից ու մասնավոր ընկերություններից:
Նրա ներկայացմամբ, այսօր այդ հանձնաժողովները հաճախ մենաշնորհային դիրք ունեցողների փաստաբանի դերում են հանդես գալիս եւ հասարակությանը սկսում են բացատրել, թե ինչու բարձրացավ այս կամ այն ապրանքի գինը, փոխանակ պաշտպանեն հասարակության շահերը ընդդեմ խոշոր մոնոպոլիստների: Նա նաեւ նշեց, որ այս օրինագիծը կտեղադրվի «7օր» ինտերնետային կայքում, որպեսզի ցանկացած մարդ կարողանա ծանողթանալ եւ իր առաջարկությունները ներկայացնել օրինագծի կապակցությամբ:
«Կսպասենք մի քիչ, որպեսզի քննարկումներ տեղի ունենա, այնուհետեւ այն կներառվի ԱԺ օրակարգում»,- ասաց Ա. Թեւանյանը, իսկ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հավելեց, որ այս տարվա մեջ այն անպայման կքննարկվի Ազգային ժողովում:




























