Հայաստանում կրթական գործընթացին պատրաստվելու ծախսերն աճել են առնվազն 20 տոկոսով: Այս մասին օգոստոսի 31-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր Կարեն Ադոնցը:

Նրա խոսքով` գնաճային ճնշումը գալիս է երկու ուղղությունից՝ արտաքին (ներմուծվող ապրանքների եւ հումքի գների աճ 15 տոկոսի սահմաններում) եւ ներքին:

Փորձագետը պարզաբանեց, որ վերջինս պայմանավորված էր դրամի արժեզրկմամբ, եւ որոշակի կարգավորումից հետո ճնշումն այս ուղղությամբ թուլացել է:

«Եթե ամփոփենք ամեն ինչ, կարծում եմ, որ 20 տոկոս թանկացում է հավանական, այդ թվում՝ թեթեu արդյունաբերության ոլորտում, ինչը հիմնականում պայմանավորված է արտաքին գործոններով: Նույն տեքստիլն ինչպես հումքի, այնպես էլ պատրաստի արտադրանքի տեսքով թանկացել է առնվազն 20 տոկոսով: Հաշվի առնելով ներքին գործոնի թույլ ազդեցությունը (դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ), գների աճը կլինի այս միջակայքում: Սակայն շատ բան կախված է նաեւ առաջարկի եւ պահանջարկի հարաբերակցությունից: Որքան շատ լինի առաջարկը, այնքան շատ վաճառողներ կավելացնեն այն գնին, որն արդեն կա»,- ասել է նա:
Ադոնցը շեշտեց, որ համաշխարհային շուկաներում գների աճը կապված է զարգացած երկրների հսկայական ծախսերի հետ, որոնք կատարվել են համավարակի ժամանակ:

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը NEWS.am-ի հետ զրույցում նկատեց, որ թանկացումներ կան, իսկ պատճառները տարբեր են:

«Անցյալ տարի շատ բան մատչելի գներով ներմուծվել է Թուրքիայից: Այս տարի արգելք է գործում: Կարծում եմ, որ սա թանկացման հիմնական գործոնն է: Ամեն ինչ է թանկացել, այդ թվում հագուստն ու գրենական պիտույքները»,- հավելեց նա:

Նրա խոսքով ՝ ուսումնական տարին լրիվ դրույքով սկսելու որոշումը նպատակահարմար է: «Հեռավար ռեժիմը լուրջ թերություններ ուներ, քանի որ առարկայի ուսուցման վրա ծախսվող ժամանակը կիսով չափ կրճատվում էր, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում: Դասարանների բաժանումը նույնպես խնդիր է, քանի որ տուժում է այնպիսի կարեւոր գործոն, ինչպիսին ուսանողների միջեւ հաղորդակցությունն է: Հասկանալի է, որ կորոնավիրուսային իրավիճակն այժմ բարդ է, բայց անհրաժեշտ է սկսել դասերը լրիվ դրույքով: Միեւնույն ժամանակ, որոշ դպրոցներում ծանր համաճարակաբանական իրավիճակի դեպքում հնարավոր է ժամանակավորապես հեռավար ուսուցում ներդնել, ինչը, իհարկե, բացասաբար է անդրադառնում կրթական գործընթացի արդյունավետության վրա, բայց այդ դեպքում այլ տարբերակ չկա», - եզրափակեց փորձագետը: