Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 15-ին կայացած կառավարության նիստում իր դժգոհությունն է հայտնել Կապի եւ տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանի աշխատանքից:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետն անդրադարձել է ճանապարհաշինության խնդրին եւ Գուրգեն Սարգսյանին հանձնարարել խիստ հսկողություն սահմանել 26 ճանապարհների շինարարության նկատմամբ, որ «ոչ մի լումա չփոշիանա»: «Վերահսկողությունը խստագույնս շարունակվելու է: Պետք է հրաժարվել այն բոլոր ավանդույթներից, որ շինարարների միջավայրում ձեւավորվել են: „Ատկատների“ մասին է խոսքը, ձեր Ճանշինի պրոբլեմների մասին է խոսքը: Բազմաթիվ բացահայտումներ են կատարվել: Մենք հիմա այս աշխատանքներն ավարտելու ենք ոչ թե 6,8, այլ 5 մլրդ դրամով: Եվ այս խիստ ռեժիմը պահպանվելու է մինչեւ վերջ: Եվ մենք պարբերաբար ենք մտնելու ստուգման` եւ ձեզ համար անսպասելի, եւ շինարարների համար»,- նշել է վարչապետը եւ հավելել, թե 26 ճանապարհներն էլ լինելու են կառավարության հսկողության տակ: Վարչապետը նաեւ հիշեցրել է նախարարին, որ ժամանակին խնդիր էր դրված ճանապարհաշինության համար հատկացված 6.8 մլրդ դրամը կրճատել, սակայն նախարարության մասնագետները նույնիսկ այդ գումարը քիչ են համարել, մինչդեռ վերահսկիչ ծառայության աշխատակիցները պնդում են, որ սկսված աշխատանքը հնարավոր է ավարտին հասցնել ընդամենը 5 մլրդ դրամով: