Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության 1980-ականների Ստամբուլի նահանգի ղեկավար Նուրի Գյունդեշը "ԱՍԱԼԱ "-ի հետ կապված մի քանի մանրամասն է հայտնել: Այս մասին հայտնում է թուրքական «Sabah» թերթը:
1980-ականներին "ԱՍԱԼԱ " -ի դեմ պայքարը համակարգում էր Թուրքիայի ազգային հետախուզության Ստամբուլի շրջանի ղեկավար Նուրի Գյունդեշը: Նա սեւ քարոզչություն է անվանել այն համոզմունքը, որ «ԱՍԱԼԱ»-ն իր ներքին հակասությունների պատճառով է ասպարեզից դուրս եկել: Նա ասել է, որ իրենք են ղեկավարել "ԱՍԱԼԱ "-ի դեմ պայքարը, բայց քանի որ դա պետական գաղտնիք է, ավել բան չի կարող ասել: Բայց ասել է, որ թե Թուրքիայում, թե Թուրքիայից դուրս "ԱՍԱԼԱ "-ի կողմից ծրագրված արյունոտ գործողությունները որոշ չափով կարողացել են կանխել: Նուրի Գյունդեշը նշել է, որ "ԱՍԱԼԱ "-ի ոչնչացման փաստերը պետության համապատասխան գրանցամատյաններում են, սակայն միջազգային խնդիրներին ճանապարհ չբացելու համար դրանք չեն հրապարակվում:
Թուրքիայի ազգային հետախուզության նախկին սպան "ԱՍԱԼԱ "-ի դեմ հոգեբանական պայքարի մի օրինակ է բերել. «Փարիզում Արա Թորանյանի մեքենայի վրա նկարեցինք գանգոսկրի պատկեր: Կարծում եմ նման կերպ վախեցնելով՝ կարողացանք Արա Թորանյանին հետ պահել կատարելիք գործերից: Մենք նաեւ Արա Թորանյանի մեքենայի մեջ ռումբ էինք տեղադրել, բայց ոչ թե նրան սպանելու, այլ վախեցնելու համար: Եւ համոզված ենք, որ դա իր ազդեցությունը ունեցավ»:
NEWS.am-ը հիշեցնում է, որ ԱՍԱԼԱ-ն՝ Հայաստանի Ազատագրության Գաղտնի Բանակ-ը, ընդհատակյա կազմակերպություն է: Ստեղծվել է1975թ-ին: Նպատակն է ռազմական գործողություններով համաշխարհային հասարակության ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի վրա։ Թուրքական պետությանը ստիպել ճանաչելու 1915-1923 թվականների ցեղասպանությունը եւ բռնագրավված Արեւմտյան Հայաստանը վերադարձնել իր իսկական տիրոջը` հայ ժողովրդին:
ԱՍԱԼԱ-ի ռազմական գործողությունները գլխավորապես ուղղված էին թուրքական դիվանագետների, պետական պաշտոնյաների, դեսպանատների, հյուպատոսարանների, «Թուրքական Օդային Ուղիներ» ավիաընկերության գրասենյակների, ինչպես նաեւ օտարերկրյա այն բոլոր հաստատությունների դեմ, որոնք դրամական կամ ռազմական օժանդակություն են ցույց տալիս Թուրքիային:



























