Ֆրանսիական GdF Suez էներգետիկ հոլդինգը հայտարարել է Nabucco գազամուղի շինարարության նախագծում ընդգրկվելու ծրագրերի մասին։ Ինչպես հաղորդել է «Կոմերսանտը», ֆրանսիական կողմը նախատեսում է նաեւ դառնալ Ռուսաստանի գործընկերը՝ Nabucco-ի հետ մրցակցող Nord Stream и South Stream նախագծերում։ Հրատարակության կարծիքով, այդպիսով համաշխարհային էներգաշուկայում Ֆրանսիան փորձում է առավելագույնս ամրապնդել իր դիրքերը։
Նախօրեին GdF Suez-ի նախագահ Ժերար Մեստրալլեն հայտարարել է Nabucco-ի բաժնետերերի շարքն ընդգրկվելու ընկերության պատրաստականության մասին։ «Քաղաքական բնույթի մի շարք դժվարություններ վերացվել են», պարզաբանել է նա՝ նշելով, որ դա թույլ է տալիս «նորովի անդրադառնալ նախագծում կատարվելիք երկարաժամկետ ներդրումների հարցին»։ Թերթը նշում է, որ ֆրանսիական ընկերությունն առաջին անգամ փորձել էր ընդգրկվել նախագծում 2007 թվականին, սակայն 2008 թվականի սկզբին անցկացված մրցույթում պարտվել էր գերմանական RWE-ին, քանի որ Թուրքիան գաղտնի վետո էր դրել նախագծում ֆրանսիացիների ընդգրկվելու վրա՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցով ծագած քաղաքական տարաձայնությունների պատճառով։ Վերջերս Թուրքիան ու Հայաստանը ստորագրեցին սահմանների բացման հուշագիրը եւ սկսեցին վիճելի մի շարք հարցերի կարգավորումը։ Իսկ անցած շաբաթ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի հետ հանդիպելուց հետո հույս հայտնեց, որ GdF Suez-ը շուտով կկարողանա մասնակցել Nabucco-ին։
7,9 մլրդ. արժողության տարեկան 31 մլրդ. խոր. մետր հզորությամբ Nabucco գազատարը 2015 թվականին պետք է Վրաստանի ու Թուրքիայի տարածքներով դեպի Բուլղարիա, Հունգարիա, Ռումինիա եւ Ավստրիա բնական գազ մատակարարի Իրանից, Թուրքմենիայից եւ Ադրբեջանից։ Նախագծի բաժնետերերն են՝ OMV-ն, MOL-ը, Transgaz-ը, Bulgarian Energy Holding-ը, BOTAS-ն ու RWE-ը։
Մինչդեռ, ավելի վաղ NEWS.am-ի փորձագիտական բաժինը մանրամասն վերլուծել էր Nabucco նախագծին Հայաստանի միանալու հեռանկարները։
Նշվում էր, որ Nabucco-ին Հայաստանի միացումը մեխանիկորեն ենթադրում է այդ նախագծին Ռուսաստանի ու Իրանի միացում, ինչպես նաեւ կա՛մ Հայաստան-Թուրքիա գազատարի շինարարություն, կա՛մ Իրան-Հայաստան գազամուղի միացում Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարին, որը կապույտ վառելիք է մատակարարում Շահ Դենիզ հանքավայրից։ Նման սցենարը, մասնավորապես, դեռեւս մի քանի տարի առաջ չէր բացառում «Հայռուսգազարդ» ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանը։
Ավելի վաղ «Նորավանք» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Սեւակ Սարուխանյանը հայտարարել է նաեւ, որ հայ-թուրքական սահմանի բացումը հնարավոր է դարձնում Nabucco-ին Հայաստանի մասնակցությունը։ Ըստ նրա, հազիվ թե գազը երկիր մուտք գործի Ադրբեջանից, սակայն մինչեւ Թուրքիայի տարածք Իրան-Հայաստան գազատարի երկարաձգման հավանականություն կա, ինչի հետեւանքով էլ Հայաստանը կդառնա նախագծի մասնակից։ "Նպատակահարմար կլիներ գազատարի Ադրբեջանից Հայաստան այնուհետեւ Թուրքիա անցումը, սակայն մենք ունենք չլուծված խնդիր (Ղարաբաղի խնդիրը – NEWS.am)։ «Եթե այն նույնիսկ լուծվի, պետք չէ սպասել, որ հաջորդ օրն իսկ Ադրբեջանը կսկսի գազատար կառուցել դեպի Հայաստան, քանզի էներգետիկ քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը երկարաժամկետ վստահությունն է, որը երկու երկրների միջեւ չի ծագի նաեւ ղարաբաղյան հակամարտությունը լուծելուց հետո»,- ասել է Ս. Սարուխանյանը։




























