«Նաբուկո» գազամուղով մատակարարումների հետ կապված առաջին պայմանագրերը կկնքվեն 2010 թվականի առաջին կեսին: Այս մասին հայտարարել է գերմանական RWE Gas Midstream ընկերության բիզնեսի զարգացման գծով ղեկավար Ջերեմի Էլիսը: Նրա խոսքով, գազամուղի հզորությունները կառաջարկվեն ոչ խտրական, թափանցիկ գործընթացի արդյունքում: Հիշեցնենք, որ գերմանական այս ընկերությունը մաս է կազմում «Նաբուկո» նախագծին եւ մյուս մասնակիցների նման ունի 16,67 տոկոս մասնաբաժին:
«RWE-ի մասնակցությունը „Նաբուկո“-ի գործարկմանը կախված է լինելու գազամուղը գազով լցնելու երկարաժամկետությունից»,- ասել է Էլիսը:
Հիշեցնենք, որ 7,9 միլիարդ եվրո արժողությամբ «Նաբուկո» նախագծի շինարարությունը պետք է սկսվի 2011 թվականին: Գազամուղի առավելագույն հզորությունը լինելու է տարեկան 31 միլիարդ խմ: Մասնակիցներն են ավստրիական OMV, հունգարական MOL, բուլղարական Bulgargaz, ռումինական Transgaz, թուրքական Botas եւ գերմանական RWE ընկերությունները, որոնցից յուրաքանչյուրն ունենալու է հավասար մասնաբաժին` 16,67 տոկոս:



















