Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ֆրանսիական L`Express-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան ոչ մի ճնշում չի զգացել՝ համաձայնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով Թուրքիայի վրա ոչ ոք ճնշում չի գործադրել։ Սառեցված հակամարտությունները շատ վտանգավոր են, դրանք կարող են ցանկացած պահի վերաճել ռազմական գործողությունների։ Մենք նման զարգացումների ականատես եղանք ռուս-վրացական հակամարտության դեպքում»,- ասել է Գյուլը։
Հրապարակման մեջ նշվում է, որ Թուրքիայի հետ լարված փոխհարաբերությունները (սահմանների փակում եւ դիվանագիտական հարաբերությունների դադարեցում) սկսվել են 1993թ.-ին, երբ ի պատասխան ղարաբաղյան հակամարտության ու նաեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Հայաստանի ներկայացրած պահանջի, Թուրքիան փակեց սահմանը։




























