Միջսահմանային գործողության ընթացքում Իրաքի իշխանությունները բերման են ենթարկել «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդներից մեկին եւ «Ալ-Քաիդա»-ի զինյալին:

Այս մասին Twitter-ում հայտնել է Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ Կադիմին՝ հավելելով, որ խոսքը Սամի Ջասեմի մասին է, որը վերահսկում է ԻՊ-ի ֆինանսական գործողությունները եւ եղել է ԻՊ-ի առաջնորդ, հանգուցյալ Աբու Բաքր Ալ Բաղդադիի տեղակալը:

Ալ Կադիմին դրանք անվանել է «ամենաբարդ» միջսահմանային հետախուզական գործողությունները, որոնք երբեւէ իրականացրել են իրաքյան ուժերը:

ԱՄՆ Պետդեպարտամենտի «Արդարադատության համար պարգեւատրում» ծրագրի շրջանակներում Ջասեմի գլխի համար 5 միլիոն դոլար պարգեւավճար է նշանակված:

Իրաքի հետախուզության ներկայացուցիչները The Associated Press-ին հայտնել են, որ Ջասեմը ձերբակալվել է օտար երկրում եւ օրեր առաջ տեղափոխվել է Իրաք:

Ջասեմը նաեւ աշխատել է Իրաքի «Ալ-Քաիդա»-ի հետ: Նա անվտանգության տարբեր պաշտոններ է զբաղեցրել Իրաքում եւ Սիրիա է տեղափոխվել 2015 թվականին այն բանից հետո, երբ «Իսլամական պետությունը» 2014 թվականին հռչակել է իր խալիֆայությունը, եւ դարձել է ծայրահեղական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր Ալ Բաղդադիի տեղակալը:

Ալ-Բաղդադին սպանվել է ԱՄՆ-ի կողմից 2019 թվականին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում իրականացված գրոհի հետեւանքով՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք: