Հայաստանը ինքը պետք է առաջինը վավերացնի հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները՝ բայց մեկ պայման դնելով: Այդ մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Վերջինս նկատեց, որ Թուրքիան «արձանագրությունները վավերացնելու է Լեռնային Ղարաբաղի խնդրում իր պահանջների իրականացումից հետո»: Թուրքիայում էլ պաշտոնյա չմնաց, որ այդ հայտարարությունն արած չլինի:

Ւսկ պայմանը, ըստ Շահնազարյանի, պետք է լինի այն, որ Հայաստանի խորհրդարանն ամրագրի՝ եթե Թուրքիան երկու ամսվա մեջ չվավերացնի արձանագրությունները, դրանք դառնում են առ ոչինչ:

«Սա կլինի Հայաստանի ճնշումը Թուրքիայի խորհրդարանի վրա: Եթե սա չլինի, կարելի է հստակ պնդել, որ Հայաստանի եւ Թուրքիայի իշխանությունները պայմանավորվածություններ ունեն հայ-թուրքական գործընթացն ու ղարաբաղյան հակամարտությունը իրար հետ շաղկապելու վերաբերյալ»,-նկատեց Շահնազարյանը:

Ի դեպ, Դավիթ Շահնազարյանը նշեց, որ այս արձանագրություններով հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվում, իսկ այսօր «երկու երկրների միջեւ առկա լարվածությունն ավելի մեծ է, քան նախկինում»: