«Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ն, որը Հայաստանում ներկայանալու է Orange ապրանքանիշով, և Beeline ապրանքանիշը ներկայացնող «ԱրմենՏել»-ը Երեւանում հոկտեմբերի 16-ին ցանցերի փոխկապակցման մասին պայմանագիր են ստորագրել: Փաստաթղթով երկու օպերատորները սահմանել են իրենց ցանցերի փոխկապակցման առեւտրային և տեխնիկական պայմանները:

Երկու ընկերությունների գլխավոր տնօրենները՝ Բրունո Դյութուան և Իգոր Կլիմկոն, հայտնել են, որ այժմ սկսվելու է փոխկապակցման տեխնիկական փորձարկումը` նշելով, որ բանակցություններն անցել են գործընկերային մթնոլորտում: Նրանք վստահություն հայտնեցին, որ ապագայում ևս համագործակցությունը կլինի արդյունավետ՝ առողջ մրցակցության սկզբունքներով:

Orange-ն աշխարհում հեռահաղորդակցության առաջատար օպերատորներից մեկի` Ֆրանս Տելեկոմ խմբի հիմնական ապրանքանիշն է, որն իր բաժանորդներին առաջարկում է հեռախոսակապի, ինտերնետի եւ հեռուստատեսության ծառայություններ: Խմբի վաճառքը 2008թ. կազմել է 53,5 միլիարդ եվրո (25,5 միլիարդ եվրո` 2009թ. առաջին կիսամյակում): 2009թ. հունիսի 30-ի դրությամբ ընկերությունն ուներ 186 միլիոն հաճախորդ՝ 30 երկրում, որոնցից 124 միլիոնը շարժական հեռախոսակապի բաժանորդներ են: Orange-ը շարժական կապի երրորդ և գերարագ ինտերնետի առաջին մատակարարն է Եվրոպայում:

Հիշեցնենք, որ Beeline ապրանքանիշը ներկայացնող «Արմենթել» ՓԲԸ-ն մի քանի տարի է, որ «Վիմպելկոմ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունն է դարձել, որը տրամադրում է ֆիքսված և բջջային հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի մեջ են մտնում բջջային կապի մի շարք օպերատորներ, որոնք ծառայություններ են մատուցում Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են մոտ 340 մլն բնակչությամբ տարածք: «Վիմպելկոմ» ԲԲԸ-ն առաջին ռուսական ընկերությունն էր, որ գրանցված է Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով: