«Վերջին բոլոր իրադարձությունները ցույց են տալիս, որ Թուրքիան պատրաստվում է դառնալ տարածաշրջանային գերտերություն, դրա համար էլ ցանկանում է վերականգնել կապերը բոլոր հարեւանների հետ»,- նման տեսակետ է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն ու հավելել. «Նրանում, որ Թուրքիան ու Իրաքը պայմանավորվել են գազի Եվրոպա մատակարարելու շուրջ, Եվրոպայի հետ մեր գազային նախագծերի համար ոչ մի վտանգ չի սպառնում: Մենք արդեն ունենք պատրաստի խողովակաշար` Բաքու-Թբիլիսի-Էրզրում եւ „Նաբուկո“-ն կդառնա դրա շարունակությունը: Այսինքն, այդ գազամուղը առանց ադրբեջանական գազի յոլա չի գնա»:
«Մենք երեկ „Գազպրոմի հետ“պայմանագիր ենք սրոտագրել եւ աշխարհում ոչ ոք մեզ չմեղադրեց, թե ինչու ենք դա արել, որովհետեւ դա մեր ինքնիշխան իրավունքն է. Ում ցանկանում ենք, դրան էլ գազ ենք վաճառում: Նույնը վերաբերում է նաեւ թուրք-իրաքյան հարաբերություններին: Ընդհանուր առմամբ, հիմա տարածաշրջանում ընթանում են իրական ու կենդանի քաղաքականություն եւ ամեն երկիր վարվում է այնպես, ինչն իր շահերից է բխում:
Չենք ժխտի այն, որ Արեւմուտքի ազդեցությունը մեր տարածաշրջանում վերջին ժամանակներս շատ է ուժեղացել ու ստեղծվե; է նոր աշխարհաքաղաքական իրավիճակ, որի պարագայում Ադրբեջանը պետք է այնպիսի աշխատանք տանի, որ մեր շահերին ոչինչ չսպառնա: Կարծում եմ, որ արեւմտյան ուղղությամբ մենք պետք է ուժեղացնենք մեր աշխատանքը, միաժամանակ չմոռանալով Ռուսաստանի մասին: Այդ երկիրը մեր մեծ հարեւանն է եւ մենք ոչ միայն պետք է, այլեւ պարտավոր ենք նրա հետ ամրապնդել մեր հարաբերությունները»,- ասել է Ալիզադեն:
Նա նաեւ կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը պետք է խորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ: «Քանի որ Թուրքիան սկսել է իրական քաղաքականություն վարել, ուրեմն մենք էլ պետք է իրական նայենք իրավիճակին»,- ասել է ադրբեջանցի քաղաքագետը:



















