«Հայաստանը շահագրգռված է բարելավելու իր հարաբերությունները ժամանակակից Թուրքիայի հետ: Թուրքիան նույնպես շահագրգռված է` բարելավելու իր հարաբերությունները Հայաստանի հետ, եւ մենք, բարելավելով հարաբերությունները Թուրքիայի հետ, ընդլայնում ենք մեր տնտեսական, քաղաքական զարգացման հնարավորությունները»,- երեկ մի շարք հայկական հեռուստաընկերությունների տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու հավելել. «Թուրքիան ունի նույն խնդիրը, որի լուծումը հնարավորություն կտա նրան դառնալ ԵՄ-ի լիիրավ անդամ: Դա նշանակում է, որ հարաբերությունների այս կամ այն փուլում Հայաստանի և Թուրքիայի շահերը կարող են համընկնել: Մեկ օրինակ` Թուրքիան ԵՄ մտնելու խնդիր ունի, սակայն ԵՄ փորձագետները նշում են , որ Թուրքիան այսօր կատարել է իր պարտավորությունների 30%-ը միայն, մենք ենք շահագրգռված, որ Թուրքիան իր պարտավորությունների մնացած 70%-ն էլ կատարի, որովհետև մենք այդ պարագայում կունենանք հարևանություն Եվրամիության հետ»:

Սա, ըստ վարչապետի, վկայում է այն մասին, որ հանրապետության նախագահն այս քայլին դիմել է լավ նախապատրաստվելուց հետո: Այսինքն` եղել են կոնսուլտացիաներ և´ ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ, և´ ԵՄ-ի հետ, և´ ԱՄՆ-ի հետ, և´ եվրոպական առանձին պետությունների հետ: «Չափազանց կարևոր է, որ այսօր աշխարհի գլոբալ խաղացողների շահերն այդ առումով համընկնում են. բոլորը շահագրգռված են հայ-թուրքական հարաբերությունների բարելավմամբ, քանի որ սա որակապես բարելավում է իրավիճակը տարածաշրջանում»,- ընդգծել է վարչապետը: