ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ԵՊՀ Եվրոպական իրավունքի եւ ինտեգրման կենտրոնն ու «Brave» իրավաբանական ընկերությունը հոկտեմբերի 16-ին հուշագիր են ստորագրել` «ՀՀ տարածքում փոքր եւ միջին բիզնեսի տնտեսական մրցակցության բնագավառում իրավական պաշտպանություն» ծրագրի իրականացման մասին:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուշագրի համաձայն, որ մենաշնորհների չարաշահումների կամ ՀՀ տնտեսական մրցակցության օրենսդրության այլ խախտումների արդյունքում տուժած փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին կապահովվի անվճար իրավաբանական խորհրդատվություն, կիրականացվի նրանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը ՀՀ դատական եւ այլ մարմիններում:
Հուշագրի նպատակն է ապահովել փոքր եւ միջին բիզնեսի տնտեսական մրցակցության պաշտպանության համար առավել բարենպաստ միջավայր, եվրոպական լավագույն փորձի հիման վրա բարձրացնել Հայաստանի դատարանների կողմից փոքր եւ միջին բիզնեսի իրավունքերի եւ օրինական շահերի պաշտպանության ոլորտում տրամադրվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը:
«Մենք ամեն օր հանդիպում ենք տնտեսական մրցակցության կանոնների խախտումների, եւ ՓՄՁ-ները չունենալով իրավական գիտելիքներ, դուրս են մնում օրենսդրական դաշտում իրենց իրավունքները վերականգնելու հնարավորությունից»,- նշել է հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը:




























