Այսօր Եվրամիության գործադիր մարմինը հայտնել է, որ Եվրահանձնաժողովը առաջարկել է մակրոտնտեսական օգնություն հատկացնել Հայաստանին՝ 100 միլիոն եվրոյի չափով, Վրաստանին` 46 միլիոն:

Ինչպես հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը, հանձնաժողովը հայտարարել է, որ Հայաստանին հատկացվելիք 65 միլիոն եվրո փոխառությունը եւ 35 միլիոն եվրո դրամաշնորհը կօգնի Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ համաձայնեցված ծրագրի իրականացմանը, որի նպատակն է համաշխարհային ճգնաժամի հետեւանքների հաղթահարումը:

Ինչ վերաբերում է Վրաստանին տրամադրվելիք գումարին, ապա դա մաս է կազմում ԵՄ 500 միլիոն եվրոյի օժանդակության փաթեթի, որը հաստատվել է այդ երկրի համար՝ անցած տարվա ռուս-վրացական պատերազմի հետեւանքների հաղթահարման նպատակով: Առաջարկները ենթակա են հաստատման Եվրամիության անդամ 27 երկրների կողմից։