Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգն անդրադարձել է NEWS.am-ի` Հաղարծին վանական համալիրում նորոգման հետեւանքով առաջացած ճարտարապետական բացթողումներին վերաբերող հրապարակմանը:
Մայր Աթոռը պարզաբանում է. «NEWS.am լրատվական գործակալության կայքում 27.06.2011թ. հրատարակված «Վերանորոգում, թե վանդալիզմ…» հոդվածում, ինչպես նաեւ մի շարք այլ լրատվամիջոցներով արտահայտված մտահոգությունները ստուգելու նպատակով հունիսի 30-ին Հաղարծինի վանքային համալիր են այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ճարտարապետական-շինարարական բաժնի աշխատակիցներից (ճարտարապետներ Գրիգոր Նալբանդյան եւ Մերի Դանիելյան) եւ եկեղեցականներից կազմված հանձնախումբը, ինչպես նաեւ «Շիրակ Ինժեներինգ Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի ներկայացուցիչներն ու Հաղարծին վանքային համալիրի վերականգնման նախագծի հեղինակ Էդուարդ Գրիգորյանը: Հոդվածում նշված անձրեւաջրերի հեռացման ջրատար ստորգետնյա առվակը «զարդաքանդակ» քարերով փակված լինելու մասին տեղեկությունը ստուգելու նպատակով այն ամբողջովին բացվել եւ լուսանկարվել է: Տեղում որեւէ զարդաքանդակ քարերի առկայություն չի արձանագրվել: Նշենք, որ նորոգության ժամանակ հողածածկույթների տակից հայտնաբերվել են 700-ամյա վաղեմության զարդաքանդակների եւ կոտրված խաչքարերի բեկորներ, որոնք օգտագործվել են համալիրի վերանորոգման ընթացքում:
Ինչ վերաբերում է Հաղարծին վանքային համալիրում ժամանակակից լուսամփոփներ տեղադրելուն, ապա հարկ ենք համարում նշել, որ եկեղեցին անհրաժեշտ լուսավորությամբ ապահովելու նպատակով որմնաջահերը ընտրվել եւ տեղադրվել են վանական համալիրի վերանորոգման նախագծի հեղինակի կողմից: Այս առնչությամբ Մայր Աթոռի ճարտարապետական բաժինը որեւէ անպատեհություն չի տեսնում:
Ցանկալի պիտի լիներ, որ նման խնդիրներով մտահոգված անձինք նախ եւ առաջ ականջալուր լինեին մասնագետների կարծիքներին` տուրք չտալով անհիմն ու անտեղի հայտարարություններին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Հաղարծին վանական համալիրում շինարարները վանդալիզմ են իրականացրել: Նրանք անփութորեն քանդել են հին զարդաքանդակները եւ դրանք օգտագործել ջրահեռացման առվակի համար: Այս ամենին ականատես է եղել NEWS.am-ի թղթակիցը:
Թղթակցի հարցին, թե ինչո՞ւ է զարդաքանդակներով քարերը ջարդում, շինարարներից մեկը կոպիտ արձագանքել է. «Մեզ այդպես են ասել»:
Բացի այդ, վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքում խորանի կողքերին լուսավորության համար դրվել են ժամանակակից լուսամփոփներ եւ վարդակներ, որոնք բացարձակապես համահունչ չեն ճարտարապետական հուշարձանին:




























