Անկարայում կառուցվելու է աշխարհի ամենամեծ թանգարանը, որը տարեկան հինգ միլիոն զբոսաշրջիկ է ընդունելու: Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler կայքը:
Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարել է, որ Անկարայում եւ Ստամբուլում երկու մեծ թանգարաններ են կառուցվելու: Նախարարը նշել է, որ Անկարայում կառուցվելիք աշխարհի ամենամեծ թանգարանը կունենա 40 000 քառակուսի մետր տարածք, որտեղ շրջելու համար կպահանջվի մեկ շաբաթ: Այն տարեկան կընդունի հինգ միլիոն այցելու: Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարը շեշտել է, որ ներկայումս Ստամբուլում եւ Անկարայում չկա այնպիսի թանգարան, որ կարողանա աշխարհին ցուցադրի Թուրքիայի հարստությունները: Թուրքիայում զբոսաշրջության զարգացման առնչությամբ նախարարն ասել է հետեւյալը. «Ես կանխատեսում եմ, որ 2010 եւ 2011 թվականներին Թուրքիայում զբոսաշրջիկների թիվը կկազմի մոտ երեսուն միլիոն: Անթալիայում ազերի գործարար Թելման Իսմաիլովը բացեց „Մարդան փալաս“ հյուրանոցը, եւ ներկայումս աշխարհի ամենալավ 100 հյուրանոցներից 40-ը գտնվում են Թուրքիայում: Իմ նպատակներից է նաեւ Նեմրութ լեռը բարձրացողների թիվը այսօրվա հարյուր հազարից հասցնել մեկ միլիոնի», ասել է թուրք պաշտոնյան:
Հիշեցնենք, որ «Մարդան փալասի» կառուցումը, ըստ տեղեկությունների, կազմել է մեկ միլիարդ չորս հարյուր հազար դոլար, իսկ բացմանը մասնակցել են հոլիվուդյան հայտնի աստղեր Ռիչարդ Գիրը, Մոնիկա Բելուչին եւ այլն: Բացման ժամանակ զավեշտալի դեպք է տեղի ունեցել: Բացման խոսքով հանդես եկող հոլիվուդյան աստղը չի կարողացել արտասանել Ադրբեջան բառը, ծիծաղել եւ զարմացած հարցրել է Ադրբեջանն ի՞նչ է։
Վերջին տարիներին Թուրքիան սկսել է նաեւ ուշադրություն դարձնել իր արեւելյան շրջանների՝ այսինքն պատմական Հայաստանի տարածքի զբոսաշրջության զարգացմանը: Դա արտահայտվեց Վանի Ախթամար կղզու «Սուրբ խաչ» եկեղեցու վերանորոգմամբ: Իսկ 2008 թվականի օգոստոսին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը այցելել էր 10-րդ դարի հայկական Անի մայրաքաղաքի ավերակները, այցից հետո Անիում նույնպես սկսվեցին վերանորոգման աշխատանքներ: Այս տարվա մայիսին արդեն սկսվել է Անիի 1215 թվականին կառուցված ու որմնանկարներով հարուստ Տիգրան Հոնենցի եկեղեցու վերանորոգումը:



























