Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր` հուլիսի 7-ին այցելել է Գյումրի, որտեղ հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի եւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ:

Սկզբում Հ. Աբրահամյանը եղել է Շիրակի մարզպետարանում, որտեղ Ա. Գիզիրյանի հետ փակ դռների հետեւում քննարկել է մարզում առկա խնդիրները, ապա այցելել է Գյումրիի քաղաքապետարան եւ նորից առանց լրագրողների ներկայության խորհրդակցություն անցկացրել Վարդան Ղուկասյանի հետ: Վերջինս ԱԺ նախագահին ցույց է տվել քաղաքապետարանի նոր շենքը:

Այնուհետեւ Հովիկ Աբրահամյանը Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի, նաեւ վարդան Ղուկասյանի ու Աշոտ Գիզիրյանի ուղեկցությամբ եղել է Գյումրիի «Թռչունյաց տուն» մանկատանը: Խորհրդարանի խոսնակը երեխաներին քաղցրավենիք, հյութեր ու հագուստ է նվիրել:

«Մենք բլորս խոստացանք 3 միլիոն դրամի չափով ներդրում անել, որպեսզի բարձրանա այստեղ աշխատող մանկավարժների աշխատավարձը: Այն շատ ցածր է, հիմնականում բարերարներն են ֆինանսավորում, պետությունն էլ պետք է իր ներդրումն ունենա»,- հայտարարել է խորհրդարանի խոսնակը:

Հ. Աբրահամյանն այցելել է նաեւ Շիրազի տուն թանգարան ու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն:

Նշենք, որ Գյումրի այցելության ընթացքում Հովիկ Աբրահամյանին ուղեկցել են ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ԲՀԿ-ից Մարտուն Գրիգորյանն ու Ռոբերտ Զաքարյանը: