«Ճարտարապետ Արթուր Թարխանյանի աղջիկը` Անահիտ Թարխանյանը, չի կարող  մեզ դատի տալ, նման բան ուղղակի չի կարող պատահել»,-այսօր Գյումրիում Շիրազի տուն թանգարանի բակում հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե որքանո՞վ են հավաստի լուրերը, որ ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը, ով նույնպես ճարտարապետ է, պատրաստվում է իրենց չվճարած 15 միլիոն դրամի դիմաց դատի տալ ԱԺ նախագահին:

Խոսքը «Ա-3 ճարտարապետներ» ՍՊԸ-ին հասանելիք այն գումարի մասին է, որը ԱԺ նիստերի դահլիճի վերանորոգման համար պետք է հատկացվեր այդ ընկերությանը դեռ աշնանը` ԱԺ-ի նոր դահլիճի բացման ժամանակ: Այդ գումարը կազմում է 15 միլիոն դրամ, որից 12 մլն-ը՝ ճարտարապետական աշխատանքների, 3 միլիոնն էլ հեղինակային հսկողության համար է նախատեսված եղել:

Նշենք, որ այս թիվը ներառված է եղել ԱԺ դահլիճի վերանորոգման նախահաշվում, որը հաստատվել է կառավարության կողմից:

Հովիկ Աբրահամյանն այս առնչությամբ նշել է. «Ես նման բան չգիտեմ, երբ վերադառնամ Երեւան, կփորձեմ ճշտել վճարման հետ կապված բոլոր մանրամասները, բայց մենք այնպիսի լավ հարաբերություններ ենք ունեցել, որ չի կարող այդպես բան պատահել, որ Անահիտը դատի տա մեզ»:

Այնուհետեւ ԱԺ նախագահը շարունակել է. «Ոնց կարա պատահի, մենք լավ բան ենք արել, Ազգային ժողովի դահլիճն ենք վերանորոգել: Ոնց որ հիմա մեկը, ինչ որ մի շինարար, ճարտարապետ դատի տա Վարդան Ղուկասյանին, որ մարդը քաղաքապետարանի շենքն այդպես կառուցել է»,-եզրափակել է Հովիկ Աբրահամյանը: