«Հենց նոր կայացավ իմ հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ռուսաստանի նախագահի հանձնարարությամբ, ես փոխանցեցի առաջարկները, որոնք Դմիտրի Մեդվեդեւը ձեւակերպել է կազանյան հանդիպման քննարկումների արդյունքում»:

Այսօր, հուլիսի 8-ին Երեւանում Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Հանդիպումից անմիջապես հետ Լավրովը կմեկնի Բաքու, որտեղ նույն առաջարկները կհանձնի Ադրբեջանի ղեկավարությանը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հաստատել է իր բարձր գնահատականը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Ռուսաստանի նախագահի անձնական ջանքերին: Նախագահը նաեւ հաստատել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց ունենալու շահագրգռվածությունը եւ ասել է, որ ուշադիր կուսումնասիրի Ռուսաստանի նախագահի ուղերձն ու առաջարկները եւ կպատրաստի պատասխանը: