Աֆղանստանի արեւելքում մզկիթներից մեկում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ պայթյուն է որոտացել, որի հետեւանքով 15 մարդ է տուժել, հայտնում է AP-ն։
Նանգարհար նահանգի թալիբների կառավարության ներկայացուցիչ Քարի Հանիֆն ասել է, որ ռումբը, ըստ երեւույթին, տեղադրված է եղել Թրաիլի քաղաքի մզկիթում, որը գտնվում է լեռնային Սպին Գար շրջանում՝ նահանգի մայրաքաղաք Ջալալաբադից դուրս:
ԻՊ-ի գրոհայինները գրեթե ամեն օր գնդակոծում են նահանգում գտնվող «Թալիբան»-ի գրոհայիններին: Սակայն տարածքում մզկիթների ռմբակոծությունները շատ ավելի քիչ են տարածված, քանի որ տարածաշրջանում գերակշռում են սուննի մահմեդականները: Խմբավորումը հայտնի է Աֆղանստանի շիա փոքրամասնությանը պատկանող մզկիթները ռմբակոծելով, ինչի հետեւանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել:
Երեք ամիս առաջ Աֆղանստանում իշխանության գալուց հետո թալիբներն արշավ են իրականացնում ապստամբներին ճնշելու համար՝ խոստանալով կանխել սպառնալիքներն ԻՊ-ի կողմից։
Չորեքշաբթի Քաբուլում «Թալիբան»-ի հետախուզության աշխատակիցը լրագրողներին հայտնել էր, որ գործակալությունը ձերբակալել է «ԻՊ»-ի մոտ 600 անդամի, այդ թվում՝ առանցքային դեմքերի եւ ֆինանսական աջակիցների: Մամուլի խոսնակ Խալիլ Համրազը հայտարարել էր, որ թալիբների անվտանգության ուժերի հետ փոխհրաձգության ժամանակ սպանվել է «ԻՊ»-ի առնվազն 33 անդամ:





























