Վստահ եմ, որ այս ֆորումը նոր շունչ կհաղորդի հայ-ուկրաինական հարաբերություններին։ Այս մասին նոյեմբերի 15-ին Երեւանում Ուկրաինայի հայերի միության ամփոփիչ համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստան-Ուկրաինա բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Պատգամավորը կարեւորեց հայ համայնքի դերն Ուկրաինայի կյանքում՝ նշելով, որ այն երկրում գործող ամենաակտիվ եւ կազմակերպված համայնքներից է։

Խոսելով Ուկրաինայի հայերի միության աշխատանքի մասին՝ Հակոբյանը նշեց, որ դրա գործունեությունն ընդգրկում է մշակութային, սպորտային եւ կրթական ոլորտները։

«Հատուկ ուշադրություն է դարձվում լեզվի եւ մշակութային ավանդույթների պահպանմանն ուղղված ծրագրերին։ Հայաստանն ու Ուկրաինան համագործակցության լայն հնարավորություններ ունեն մի շարք ուղղություններով»,- ընդգծեց պատգամավորը։

Բացի այդ, որպես պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար, Հակոբյանը պատրաստակամություն հայտնեց խորացնել կառուցողական համագործակցությունը, ինչպես նաեւ աջակցել երկու երկրների շահերի առաջմղմանն ուղղված նախագծերի իրականացմանը։