Առաջիկա մի քանի օրերին Հայաստան են ժամանելու թուրքական «Յունիտ» ընկերության ներկայացուցիչները՝ «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ի հետ բանակցություններ վարելու՝ Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու պայմանագրի վերաբերյալ: Այդ մասին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ հայտարարել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ համաձայն «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» եւ թուրքական «Յունիտ» ընկերությունների միջեւ կնքված պայմանագրի, այս տարվա ապրիլի 1-ից պետք է սկսվեր դեպի Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանումը, սակայն, նախարարի խոսքով՝ «քաղաքական պրոբլեմները Թուրքիայում թույլ չտվեցին, որպեսզի այդ պայմանագիրը սկսի աշխատել»:
«Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո կրկին ակտիվացան նշված պայմանագրի իրագործման հնարավորությունները»,- նշել է նախարարը:
Արմեն Մովսիսյանը նաեւ հայտարարել է, թե թուրքական կողմը արդեն, ըստ էության, ավարտել է Գյումրին Կարսին կապող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումն ու վերանորոգումը։
Մովսիսյանը նաեւ անդրադարձել է «Կոմերսանտ» պարբերականի հոկտեմբերի 13-ի հրապարակմանը, ըստ որի Ռուսաստանից Հայաստան մատակարարվող հազար խորանարդ մետր բնական գազի գինը 200 դոլարից կիջնի 180-ի, բայց փոխարենը Մոսկվան հույս ունի ստանալ հայկական նոր ԱԷԿ-ի կառուցման իրավունքը։
«Նման ձեւակերպում՝ որ գազը եթե էժանանա, մենք մենաշնորհը տանք իրենց, ես պաշտոնապես որեւէ նման բան չեմ ունեցել, որեւէ մեկը չի ասել նման բան, չի հայտարարել: Չեմ կարծում, որ իրենք էլ նման խնդիր կբարձրացնեն», — պարզաբանել է Մովսիսյանը:




























